ՀՀ փաստաբանների պատվիրակությունը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության փաստաբանության ինստիտուտի ձևավորման 150 ամյակին նվիրված միջոցառումներին
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը Մոսկվայում մասնակցել են Ռուսաստանի Դաշնության փաստաբանության ինստիտուտի ձևավորման 150 ամյակին նվիրված միջոցառումներին:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 30-ին 9 երկրի՝ Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Ուզբեկստան, Հայաստան փաստաբանական համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են
համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել են քրեական գործերով դատավարություններին մասնակցող փաստաբանների գործունեության ստանդարտացման հնարավորությունը:
Կլոր սեղան-քննարկմանը Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն կարևորել է արտերկրյա գործընկերների փորձը՝ նշելով, որ հատկապես հետխորհրդային երկրների փաստաբանների համար առավել առաջնահերթ է խորացնել ոլորտային համագործակցությունը, քանի որ միևնույն անցյալով պայմանավորված հաճախ են բախվում նույնաբնույթ խնդիրների: Այս իմաստով միասնական լուծումներ գտնելն առավել արդյունավետ և փոխշահավետ գործընթաց է համարել: