211652_close_icon
views-count4436 դիտում article-date 15:45 28-09-2016

60 մլն դրամի վնաս պետությանը ՊԵԿ աշխատակցի մասնակցությամբ անօրինական գործողությունների շղթա է բացահայտվել

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը պարզել է, որ անհատ ձեռնարկատեր Գոհար Վլասյանի կողմից կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և հարկերից չարամտորեն խուսափելու արդյունքում, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է շուրջ 60 մլն դրամի վնաս: ՀՀ քրեական օրենսգրքի 205 և 193 հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ գործով մեղադրյալ Գոհար Վլասյանին են պատկանում նաև «Հագտրանս», «Գոհլիլ», «Խաչտրանս», «Վլասգոհ» ՍՊ ընկերությունները, ինչպես նաև նրա հոր՝ Ռազմիկ Վլասյանի անվամբ հաշվառված Ա/Ձ-ն: Նշված բոլոր կազմակերպությունների և Ա/Ձ-ի միջոցով ծավալվել է ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից դեպի ՀՀ են ներմուծվել կամ բեռնափոխադրվել տարբեր ապրանքներ, իսկ հարկեր չեն վճարվել: 2016թ.-ի մայիսի 27-ին Գոհար Վլասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով: Նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՊԵԿ աշխատակից Տիգրան Մխիթարյանը, պարբերաբար ուղղորդող տեղեկատվություն է տրամադրել Գոհար Վլասյանին՝ ելնելով իր պաշտոնական գործառույթներից և հարցաքննության արդյունքներից: Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի պետ Տ.Մխիթարյանը պարտավորվել է վճարման դիմաց կատարել Գ.Վլասյանին պատկանող կազմակերպությունների հաշվապահության վարումը: Տեղյակ լինելով, որ Գ.Վլասյանին փաստացի պատկանող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ որևէ հաշվետվություն չի ներկայացվել ՀՏ՝ նա ձեռնպահ է մնացել իր աշխատանքային պարտականությունները կատարելուց: Քրեական վարույթի մասին տեղեկանալուց հետո Տ.Մխիթարյանը հորդորել է Գ.Վլասյանին ներկայացնել իր կողմից կազմված հաշվետվությունները, որոնք չեն արտացոլում վճարման ենթակա հարկերի իրական պատկերը: Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Տիգրան Մխիթարյանի աշխատասենյակում և բնակարանում, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տնտեսվարողների գործունեությանն առնչվող հաշվապահական փաստաթղթղեր, որոնց հաշվապահությունը նույնպես կատարվել է նրա կողմից: Նկատի ունենալով, որ Տիգրան Մխիթարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Տիգրան Հարությունյանը նշում է, որ ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում օրինախախտումներ կատարելու միտում է նկատվում. «ՌԴ տարածքում կեղծվում են հաշիվ-ապրանքագրերը, այդ թվում՝ ապրանքի անվանումը և արժեքը, որպեսզի տվյալ տնտեսվարող սուբյեկտը Հայաստան ներմուծելուց հետո պակաս հարկային պարտավորություն ունենա»: Սակայն Տ. Հարությունյանը վստահեցնում է, որ ՊԵԿ-ի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են բոլոր հանգամանքները, ճշտվել ՌԴ-ում գործող կազմակերպությունների տվյալները: Տնտեսվարող սուբյեկտներին հորդորելով զերծ մնալ նման անօրինական գործողություններից՝ նա ընդգծում է, որ ԵԱՏՄ-ից ներկրվող բեռները գտնվում են ուժեղացված հսկողության տակ: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր