211652_close_icon
views-count1627 դիտում article-date 20:47 27-09-2016

Սոֆիայի հայտնի ջազային ակումբներից մեկում տեղի ունեցավ Հայաստանից հրավիրված երաժիշտների մասնակցությամբ համերգ

Սեպտեմբերի 23-ին Սոֆիայի հայտնի ջազային ակումբներից մեկում տեղի ունեցավ Հայաստանից հրավիրված շեփորահար Երվանդ Մարգարյանի և դաշնակահար Նառա Առաքելյանի մասնակցությամբ համերգ: Բուլղարական ջազային համույթի նվագակցությամբ հայ երաժիշտները կատարեցին ոչ միայն հանրահայտ ջազային կոմպոզիցիաներ, այլև հանդես եկան հայ դասականների՝ Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումներով: ՀԲԸՄ Սոֆիայի գրասենյակի նախաձեռնությամբ և Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ սեպտեմբերի 24-ին Սոֆիայի կոնսերվատորիայի դահլիճում կազմակերպեց համերգ` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: ՀԲԸՄ կամերային նվագախմբի հետ ելույթ ունեցան Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ալտահար Վաչե Հովեյանը, դաշնակահար Նառա Առաքելյանն ու շեփորահար Երվանդ Մարգարյանը: Հնչեցին հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ, ջազային մշակումներ: Սեպտեմբերի 25-ին Բուլղարիայի կրոնական համայնքների ազգային խորհուրդը և Սոֆիայի քաղաքապետարանը կազմակերպել էին «Բազմազանության ներդաշնակություն» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր միջկրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սերմանումը: Ողջույնի խոսքով հանդես եկան Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդեկովան, Բուլղարիայի կրոնական համայնքների ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանը, կրոնական համայնքների ղեկավարներ: Միջոցառմանը կատարումներով հանդես եկան տարբեր համայնքներ ներկայացնող համույթներ, այդ թվում` Պլովդիվ քաղաքի «Էրեբունի» նվագախումբը: Սոֆիայի պատմության թանգարանում բացվել էր համայնքների ներկայացուցիչների գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես, ինչպես նաև տեղադրվել էին հատուկ տաղավարներ: Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, կրոնական համայնքների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Նմանատիպ նյութեր