211652_close_icon
views-count2654 դիտում article-date 18:19 26-09-2016

Երաժշտական երկխոսություն. կկայանա դուդուկահար Գևորգ Դաբաղյանի և գերմանացի շրթհարմոնահար Սորեն Բիրքենի համատեղ համերգը

Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում համատեղ համերգով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և գերմանացի շրթհարմոնահար Սորեն Բիրքենը: Երաժիշտների կատարմամբ կհնչեն հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ: Գևորգ Դաբաղյանը դուդուկի միջոցով ներկայացնում է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը՝ Հայաստանում և արտերկրում: Նա մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգների և մրցույթների՝ արժանանալով բարձր մրցանակների: Նրա կատարումները հնչել են Ատոմ Էգոյանի «Արարատ», իտալացի Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» և այլ կինոնկարներում: Գ. Դաբաղյանը 1988 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման: Սորեն Բիրքեն 2006 թվականին դուդուկի դասեր է անցել նշանավոր դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի և Գևորգ Դաբաղյանի դասարաններում: Շրթհարմոն սկսել է նվագել ինքնուրույն: Այնուհետև, հանդես է եկել որպես ռոք երաժիշտ: Ս. Բիրքեն ևս մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների և համերգների՝ Հայաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Լեհաստանում: 2007 թվականից մինչ օրս Բեռլինի երաժշտական հանձնաժողովի խորհրդի անդամ է: Երաժիշտը նաև այս տարի ստեղծված «CIB–Creativ Industries Berlin» ընկերության համահիմնադիրն է: Ս. թ. սեպտեմբերի 22-24-ը Սորեն Բիրքեն մասնակցում էր «Դուդուկի և հայկական ժողովրդական նվագարանների հայաստանյան փառատոնին:

Նմանատիպ նյութեր