Նախատեսվում է գենետիկական հետազոտություն անցկացնելու նպատակով նմուշառել 3-4 սերունդ արցախյան ծագում ունեցող անձանց
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է «Արմգենիա» հիմնադրամի մի խումբ անդամների՝ կառույցի համահիմնադիր, «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը հյուրերը Ա. Հարությունյանին ներկայացրել են հիմնադրամի՝ Հայաստանի գենետիկ քարտեզագրման գլխավոր ծրագիրը, որում ներառված է նաև Արցախը: Ս. Ավագյանը ներկայացրել է 20 նմուշների հետազոտության արդյունքները և առաջարկել Արցախում սկսել փորձարարական ծրագիր, որով նախատեսվում է գենետիկական հետազոտություն անցկացնելու նպատակով նմուշառել 3-4 սերունդ արցախյան ծագում ունեցող անձանց:
Կատարվելիք հետազոտությունների արդյունքների տվյալների շնորհիվ՝ հանրային առողջապահությունը կհասնի արդի բժշկության պատշաճ մակարդակի՝ հնարավորություն ընձեռելով հիվանդությունների կանխարգելման և բուժման գործընթացներում արդյունավետորեն կիրառել գիտության վերջին նվաճումները:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից տարվող աշխատանքը՝ մարդկանց առողջության պահպանման ուղղությամբ և վստահեցրել, որ ԱՀ կառավարությունը հնարավորինս կօժանդակի հիմնադրամի կողմից Արցախում նախատեսվող հետազոտությունների կազմակերպմանը:
Հանդիպմանը ներկա էր ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]