211652_close_icon
views-count1316 դիտում article-date 16:59 20-09-2016

ՀՀ ԱՆ-ի և Ֆրանսիայի Լը Վինատյե հիվանդանոցային համալիրի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը և Ֆրանսիայի Բրոն քաղաքի Լը Վինատյե հիվանդանոցային համալիրի տնօրեն Հյուբեր Մոնիեն ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շաղպանտիեն երկուստեք կարևորեցին երկու երկրի ավանդական բարեկամության վրա հիմնված համագործակցությունն առողջարապահության ոլորտում։ Ընդգծվեց, որ երկար տարիների պատմություն ունեցող այդ համագործակցությունը հաջողությամբ ծավալվում է Երևանում և ՀՀ տարբեր մարզերում` ներառելով ոլորտի առաջնային ուղղությունները` ուռուցքաբանություն, սրտաբանություն, հոգեկան առողջություն, դեղակայուն տուբերկուլոզի բուժում, ակնաբուժություն և այլն։ Արմեն Մուրադյանը շեշտադրեց, որ բացի բժշկական կազմակերպությունների կողմից Հայաստանում հաջողությամբ իրականացվող ծրագրերից, վերջին շրջանում համագործակցում են նաև ֆրանսիական դեղագործական ճանաչված երկու խոշոր ընկերություն` Սանոֆին և ՍԵրվիեն։ Դրա արդյունքում սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի բուժման կարևոր երկու դեղամիջոցի գները մեր երկրում գրեթե երեք անգամով նվազել են։ Իսկ մինչ այդ Սանոֆին եռամյա ծրագիր է իրականացրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների համար։ Ժան Ֆրանսուա Շաղպանտիեն հավելեց, որ իրենք մտածում են Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերն առավել գործուն և հագեցված դարձնել` ընդգրկելով ինչպես առողջ սննդի քարոզման, այնպես էլ` ալկոհոլի չարաշահման, ծխախոտի դեմ պայքարի ծրագրեր։ Նա ստորագրված համաձայնագրի առանձնահատկությունը համարեց այն, որ հոգեկան առողջության պահպանման ոլորտը ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի համար առողջապահական գերակա ուղղություններից մեկն է։ Այս ոլորտում մեր երկու երկրները բավական երկար տարիներ համագործակցում են։ Լը Վինատյե հիվանդանոցային համալիրի տնօրեն Հյուբեր Մոնիեն նշեց, որ Կանադայի, Բելգիայի, Շվեյցարիայի և մի շարք այլ երկրների հետ համագործակցող իրենց կազմակերպությունն արդեն 15 տարի է ծրագրեր է իրականացնում նաև Հայաստանում` Երևանի, Գյումրիի և Վարդենիսի հոգեբուժական կենտրոններում` ստանալով Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի և «Հույս Հայաստանի համար» միության աջակցությունը: Ֆրանսիայի և Հայաստանի հոգեկան առողջության ոլորտի արհեստավարժ մասնագետների միջև այդ տարիների ընթացքում հաստատված ամուր կապերը ՀՀ առողջապահության նախարարության հովանու ներքո համագործակցության ամուր հիմքեր են ստեղծել: Բոլորն այն կարծիքին էին, որ համագործակցության համաձայնագրի ստորագրումը կակտիվացնի համագործակցությունը հոգեբուժության ոլորտում, կբարելավվեն առողջապահական ծառայությունների որակը` այն մոտեցնելով եվրոպական չափանիշներին։ Դրան կնպաստի նաև հայ մասնագետների վերապատրաստումը Վինաթյե առաջատար բժշկական կենտրոնում:

Նմանատիպ նյութեր