211652_close_icon
views-count3130 դիտում article-date 17:40 19-09-2016

Չինաստանում մեկնարկել է Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը

Չինաստան-Եվրասիա միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի Ուրումչի քաղաքում սեպտեմբերի 19-23- ն անցկացվում են մի շարք համաժողովներ, այդ թվում` Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը, որի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 19-ին: Համաչինական կանանց ֆեդերացիայի հրավերով համաժողովին մասնակցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, Գեղարքունիքի մարզի կանանց խորհրդի նախագահ Էլեոնորա Մալխասյանը եւ «Առավոտ» լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը: Համաժողովին մասնակցում է շուրջ 150 մասնակից, որոնցից մոտ 60-ը՝ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի 22 երկրներից: Համաժողովն իր շուրջն է համախմբել բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների` նախարարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, մարդու իրավունքի պաշտպանների, դիվանագետների, հասարակական եւ պետական մարմինների ներկայացուցիչների:  Համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների շրջանում եւ լայն քննարկման առարկա դարձել: Տիկին Նաղդալյանն իր ելույթում մասնավորապես կարեւորել է խաղաղությունն ու կայունությունն աշխարհում, ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների գերակայությունը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը: Նրա գնահատականով՝ աշխարհում ընդլայնվում է համագործակցությունը, ուժեղանում են ինտեգրացիոն գործընթացները: Մետաքսի մեծ ճանապարհը համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ նշանակալի ձեռքբերումներից է, այն եղել է ոչ միայն պատմական երեւույթ, այլեւ կարեւորագույն դաս ապագայի համար: Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին` տիկին Նաղդալյանը նշել է, որ մեր երկրում այսօր իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց արդյունքում պետք է մեծանան տարանցիկ բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով: Հայաստանը ոչ միայն տարանցիկ երկրի առավելություններ ունի, այլեւ՝ երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժ: ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաեւ Սինցզյան նահանգի կանանց կազմակերպության նախագահի հետ, ինչպես նաեւ առանձնազրույցներ ունեցել համաժողովին մասնակից պատվիրակությունների ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր