Համագործակցության նոր եզրեր ՀՀ ԱԻՆ և ՄԱԿ-ի միջև. նախատեսվում է ստեղծել տեխնիկական աջակցության համատեղ խումբ
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին և ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենին:
Պատվիրակության կազմում էին նաև ՄԱԿ-ի պաշտպանության գծով պատասխանատուներ Քեյթ Պոչապսկին և Ջեսիկա Անդերսոնը, ինչպես նաև Հայաստանի ու Վրաստանի աղետների արձագանքման ազգային խորհրդատու Աշոտ Սարգսյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների պատրաստվածության հարցերը և այն ուղիները, որոնցով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը, Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակն ու Պարենի համաշխարհային ծրագիրը կարող են օժանդակել պետական մարմիններին՝ միջազգային չափանիշներին համաձայն ապահովելու տեղահանված բնակչության կարիքները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մ. Վասենը նշեց, որ այցի առաջնային նպատակներից է քննարկել պահուստային միջոցների՝ մասնավորապես փախստականների աջակցությանը վերաբերող հարցերը:
- Մենք ցանկանում ենք պետական մարմինների հետ հստակեցնել այն հարցերը, որոնք կարող են ծագել տարաբնույթ արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը, ինչպես նաև փախստականներին աջակցություն ցուցաբերելիս, - ասաց Մ. Վասենը:
Հանդիպման ընթացքում Ք. Պոչապսկին նշեց, որ ղարաբաղաարդբեջանական հակամարտող ուժերի շփման գծում ապրիլյան լարվածությունից հետո գրասենյակի համար պարզ դարձավ, որ փախստականների աջակցության հետ կապված հիմնական ուղղությունները պետք է վերանայվեն:
- Մենք, իհարկե, գիտենք, որ փախստականների հետ կապված պլանները և նմանատիպ այլ փաստաթղթեր պարունակում են գաղտինության տարրեր: Մեր խնդիրն այլ է: Մեր գրասենյակը ցանկանում է աջակցել Հայաստանին և աշխատել հնարավոր կարիքները լրացնելու ուղղությամբ,- եզրափակեց Ք. Պոչապսկին:
Հանդիպման ավարտին կողմերը ներկայացրին արդյունավետ համագործակցության իրենց տեսլականները և առաջարկները. մասնավորապես նախատեսվում է ստեղծել տեխնիկական աջակցության համատեղ խումբ՝ փոխգործակցության հնարավոր ուղիները նախանշելու նպատակով: