Խրախուսվում են ներդրումային ծրագրերը
                        Գործադիրի որոշմամբ «Նանման» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: 
Ընկերությունն իր արտադրական գործունեությունն ապահովելու համար նախատեսում է Չինաստանից ներմուծել ջինսե գործվածք (դենիմ), որն, ըստ ընկերության, ԵԱՏՄ անդամ երկրներում չի արտադրվում: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: 
Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Շանթ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: 
Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այդ արտոնությունները տրամադրելու համար պետք է լինի ձևակերպված խաղի կանոն՝ ուղղված գործընթացի դյուրացմանը: Կարեն Կարապետյանը, մեկ անգամ ևս անդրադառնալով ՊԵԿ-ին տրված հանձնարարականին, ընդգծել է, որ այն, ըստ էության, նոր հանձնարարական չէ, այլ ՊԵԿ-ը պետք է կատարի իր գործառույթները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

