211652_close_icon
views-count1583 դիտում article-date 21:27 24-12-2015

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարությունը որոշել է երեք տարով հետագձել ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ»-ն նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կկառուցի իր տեսակի մեջ եզակի նավթամթերքի վերամշակման գործարան և կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ներդրումային ծրագրի շրջանակներում` նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 16.8 մլրդ դրամի չափով, որից մոտ 102.2 մլն դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.–ին՝ 200, 2017թ.-ին՝ 220 և 2018թ.-ին՝ 250 հազար դրամ: Գործադիրը փոփոխություն է կատարել նախկին ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Ինտերալկո» ՍՊԸ-ի կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը, երկարացնելու նպատակով: Ներդրումային ծրագրի շրջանակում «Ինտերալկո» ՍՊԸ-ն նախատեսում է Արմավիրի մարզում «Արմեն-ալկո» ՍՊԸ-ին պատկանող գործարանում իրականացնել խաղողի թորվածքի, բրենդիի, մրգային սպիրտների և գինու արտադրություն: Ընկերությունն նախատեսում է տեղական ֆերմերային տնտեսություններից գնած հումքից արտադրել խաղողի/գինու, մրգերի թորվածքներ, որին ավելացնելով Եվրոպայից ներկրված հումք` մեծածախ քանակով արտահանել ԱՊՀ և այլ երկրներ: Ընկերությունը կներդնի հոլանդական և ֆրանսիական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 30 աշխատատեղ: Կառավարության որոշմամբ «ՖԵՆՍԻ» ՍՊԸ-ին կտրամադրվի «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար: Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվել է 9 տարի: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Նմանատիպ նյութեր