Թայվանում թայֆունը քշել տարել է շտապօգնության մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թայվանում «Մերանթի» հզոր թայֆունի հետևանքով ավտոճանապարհներից մեկում ծովի ալիքը քշել տարել է դեպքի վայր մեկնող շտապօգնության մեքենան: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվականը:
Ծովի բարձր ալիքը հեղեղել է ավտոճանապարհը, ինչի հետևանքով շտապօգնության մեքենան, որի մեջ, բարեբախտաբար, հիվանդ չի եղել, կողաշրջվել է երթևեկելի գոտում և մի պահ ջրի տակ անցել:
Վարորդին և բժշկական անձնակազմին առաջին օգնությունն են ցուցաբերել ականատեսները, ովքեր դուրս են բերել վերջիններիս ավտոմեքենայի սրահից: Նրանք էլ արձանագրել են տեղի ունեցածը:
Նշենք, որ «Մերանթի» թայֆունը Թայվանում ամենահզորն է համարվում վերջին 20 տարիների ընթացքում, իսկ ծովի ալիքները հասնում են ռեկորդային՝ 12 մետր բարձրության:
Քամու արագությունը կազմում է 100 մ/վ: Ավելի քան 260 հազար ընտանիք առանց էլեկտրականության են մնացել: Տարհանվել է ավելի քան 1,5 հազար բնակիչ: