211652_close_icon
views-count2130 դիտում article-date 17:45 14-09-2016

Լավագույնների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին

Յուրաքանչյուր տարի "Ուսուցչի օրվա" նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անցկացվում է "Տարվա լավագույն ուսուցիչ", "Տարվա լավագույն տնօրեն" և "Տարվա լավագույն դաստիարակ" մրցույթների հանրապետական փուլը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը տեղեկացրել է, որ այս տարի "Տարվա լավագույն ուսուցիչ", "Տարվա լավագույն տնօրեն" և "Տարվա լավագույն դաստիարակ" մրցույթների հանրապետական փուլին մասնակցում է 33 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: "Սա մրցույթի երրորդ փուլն է՝ ներդպրոցական և մարզային փուլերից հետո: Հանրապետական փուլին մասնակցում են մարզերում լավագույն ճանաչված ներկայացուցիչները: Միայն մասնակից չունենք Արարատի մարզից, որտեղ ոչ ոք հաղթող չի ճանաչվել",-նշել է Սյուզաննա Մակյանը՝ տեղեկացնելով, որ մրցույթը կանցկացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները /"Տարվա լավագույն ուսուցիչ" մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյան, "Տարվա լավագույն տնօրեն"՝ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյան, "Տարվա լավագույն դաստիարակ"՝ "Կրթական ծրագրերի կենտրոն" ԾԻԳ-ում ծրագրի ղեկավար Կարեն Մելքոնյան/: "Հանձնաժողովներում ընդգրկված են ԿԱԻ-ի, ինչպես նաև վերոնշյալ մրցույթներում նախորդ երեք տարիներին հաղթած մասնակիցները: Դպրոցական և մարզային փուլում լավագույններն ընտրվում են տարբեր չափորոշիչներից ելնելով՝ դասալսումներ, ողջ տարվա աշխատանքային գործունեության ամփոփում և այլն: Մրցույթը կարող է անցկացվել և հարցազրույցի, և թեստային առաջադրանքների միջոցով. ամեն մարզ ինքն է ընտրում անցկացման կարգը: Հանրապետական փուլում լավագույններն ընտրվում են հարցազրույցի միջոցով, որի ընթացքում մասնակցին հնարավորություն է տրվում ներկայացնել իր ծրագիրը, փորձը և տեսլականը",-ընդգծել է Սյուզաննա Մակյանը: Նշենք, որ ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին` "Ուսուցչի օրը", հանդիսավոր արարողության ժամանակ: Այդ օրը կպարգևատրվեն "Տարվա լավագույն ուսուցիչ", "Տարվա լավագույն տնօրեն" և "Տարվա լավագույն դաստիարակ" հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները: Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ: Վաստակաշատ մանկավարժներին կտրվեն ՀՀ պետական պարգևներ, ՀՀ վարչապետի "Հուշամեդալ" և շնորհակալագրեր

Նմանատիպ նյութեր