Առաջատար հայագետները Մոսկվայում կմասնակցեն միջազգային գիտաժողովի
2016 թվականի սեպտեմբերի 14-ին և 15-ին Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայկական սփյուռքը և հայ-ռուսական հարաբերությունները. անցյալ և ներկա» խորագրով միջազգային գիտաժողովը:
Միջոցառմանը կմասնակցեն հայագիտության և հարակից ճյուղերի ավելի քան 100 մասնագետներ աշխարհի 16 երկրների մոտ 50 քաղաքներից: Նրանց թվում՝ նշանավոր պատմաբաններ Սերգեյ Կարպովը (Ռուսաստան, Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ), Աշոտ Մելքոնյանը (Հայաստան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ), Ժերար Դեդեյանը (Ֆրանսիա, Պոլ Վալերի Մոնպելյեի անվան համալսարան), Ռայմոն Գևորգյանը (Ֆրանսիա, Սեն-Դենիի Փարիզ VIII համալսարան), Կլոդ Մութաֆյանը (Ֆրանսիա), Սեպուհ Ասլանյանը (ԱՄՆ, Կալիֆորնիայի UCLA համալսարան) և ուրիշներ։
Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ Հայաստանի և Ռուսաստանի պատմական ճակատագրերը X–XXI դդ., ռուսահայ սփյուռքի պատմություն, հայկական սփյուռքն աշխարհում, Հայաստանի ու հայկական սփյուռքի արվեստն ու մշակույթը, աղբյուրագիտության և պատմագրության հիմնահարցեր։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: