ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Հեքիաթ»․ Ռուբեն Հախվերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թ. դեկտեմբերի 3-ին մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Լևոն Հախվերդյանը հայտնի լեզվաբան էր։
Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորողներից։ 1968 - 1987-ին աշխատել է հայկական հեռուստատեսությունում։ Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը»։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»:
Պիեսներ է բեմադրել Երևանի Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հ. Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։
Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում և այլուր։