3684 դիտում
16:23 29-08-2016
Արցախի վարչապետը դժգոհություն է հայտնել շրջանների վարչակազմերի ղեկավարներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ անտառային մրգերի և հատապտուղների մթերմանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:
Վարչապետը, նախ, իր դժգոհությունն է հայտնել շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ հարցի կապակցությամբ տեղերում պատշաճ մակարդակով կազմակերպչական աշխատանքներ չիրականացնելու պատճառով:
«Մենք նախապես հայտարարել էինք, որ պահածոների գործարանների հետ համապատասխան պայմանավորվածություններ ենք ձեռք բերել՝ հանրապետությունում մշակվող մրգերն ու բանջարեղենը մթերելու շուրջ: Կառավարությունն այդ հարցում հանդես էր եկել նախաձեռնությամբ, որպեսզի ժամանակին հավաքված բերքը հասցվի գործարաններ՝ առանց քանակական սահմանափակումների: Սակայն գործընթացն առ այսօր շատ դանդաղ է ընթանում»,- ասել է վարչապետը և հորդորել ներկաներին համայնքների ղեկավարների միջոցով բնակչության հետ ավելի ակտիվ աշխատել:
Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ բնակչության հետ հանդիպումներում հաճախ է հարց բարձրացվել անտառային հատապտուղների մթերման մասին, որը կարող է լրացուցիչ եկամուտի աղբյուր դառնալ: Այս տարվանից, վարչապետի խոսքով, կառավարության նախաձեռնությամբ մթերող ընկերությունների կողմից միջինից բարձր գնով անսահմանափակ ծավալներով կընդունվի մասուր, մոշ, հոն, տանձ, խնձոր և անտառային այլ հատապտուղներ ու մրգեր, որոնց տեղափոխումը համայնքներից-գործարաններ կիրականացվի պետական միջոցներով:
Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ մասուրի հավաքման աշխատանքներում այս տարվանից կընդգրկվեն նաև համապատասխան տարիքի դպրոցականները: «Աշխատանքներում դպրոցականների ընդգրկման նպատակը ոչ այնքան հատապտուղների հավաքումն է, այլ ավելի շատ՝ դպրոցական տարիքից երեխայի մեջ գումար վաստակելու դաստիարակության ապահովումը: Իսկ հավաքված բերքի դիմաց, կառավարության կողմից տրամադրված միջոցներով, ավելի բարձր գին կվճարվի»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ պետք է օգտվել ընձեռված հնարավորությունից, հատկապես, որ նշված հատապտուղների մեծ մասն աշնան սեզոնին է հասունանում:
Նմանատիպ նյութեր
1481 դիտում
20:50 10-03-2016
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է շրջանների վարչակազմերի ղեկավարներին
3337 դիտում
16:59 09-03-2017
Արցախի վարչապետը դժգոհություն է հայտնել գարնանացան մշակաբույսերի ընտրության և առկա ծավալների վերաբերյալ
Այս բաժնից
1438 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1096 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1387 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը