211652_close_icon
views-count4621 դիտում article-date 15:38 21-08-2016

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Վեհափա՛ռ Տեր, Ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան 65-ամյակի առթիվ: Բարձր գնահատանքի է արժանի Ձեր ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առավել զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքի շուրջ առավել համախմբման, համահայկական կարևորագույն ծրագրերի իրականացման և եկեղեցաշինության ասպարեզում: Աշխարհում առկա արդի մարտահրավերների պայմաններում անգնահատելի է Ձեր նպաստը միջեկեղեցական փոխգործակցության խորացման, սփյուռքահայության առջև ծառացող մարտահրավերներին դիմագրավելու խնդիրներում: Վստահ եմ, որ ամենազոր Աստծո կամոք այսուհետ ևս կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության և համազգային նպատակների իրականացման: Մաղթում եմ Ձեզ արևշատություն, ամենայն բարիք, և որ Բարձրյալի զորակցությամբ Ձեր հովվապետության հետագա տարիներին ևս շարունակեք հայրենանվեր առաքելությունը՝ ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի և համայն հայության իղձերի և վեհ նպատակների իրագործման»:

Նմանատիպ նյութեր