211652_close_icon
views-count2803 դիտում article-date 16:23 19-08-2016

Ճանաչողական այց ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն. լուսանկարներ

Օգոստոսի 19-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտաքին գնահատում իրականացնող փորձագետների թիմը ճանաչողական այցով հյուրընկալվեց ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության (ՓԾ) Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում: Այցի նպատակն էր ծանոթանալ ԱԻ նախարարության գործունեությանը, աշխատանքային հնարավորություններին և պայմաններին, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման գործընթացները համակարգող ստորաբաժանումների աշխատանքներին: ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նախարարության երկրորդ մասնաշենքում տեղակայված, նորագույն սարքավորումներով հագեցած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և ծանոթացան ընթացիկ աշխատանքներին: ՃԿԱԿ պետը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման լայն հնարավորությունները: Ներկայացնելով կենտրոնի խոշոր ձեռքբերումները` ՃԿԱԿ պետը կարևորեց միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, որը մեծացնում է արտակարգ իրավիճակներին առավել արագ և արդյունավետ արձագանքելու կարողությունները: Հ. Խանգելդյանն ընդգծեց, որ առաջնային համարելով արդյունավետ աշխատանքը՝ ԱԻ նախարարությունը պատրաստ է նոր համագործակցությունների:Նա անդրադարձավ նաև ԱԻ նախարարության մեկ այլ կարևոր նախաձեռնության, որի արդյունքում ներկայում ճգնաժամային կառավարման ազգային և մարզային կենտրոններում աշխատում է հաշմանդամություն ունեցող շուրջ 40 մարդ: Հյուրերը շրջեցին նաև ԱԻ նախարարության առաջին մասնաշենքում, որտեղ գտնվում է ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնը: Այն ստեղծվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատերազմի ժամանակ՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արագ կազմակերպման, առանցքային տեղեկատվության հուսալի պահպանման, արդյունավետ ու անվտանգ կիրառման, ինչպես նաև պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման ու դրանց շահագործման բարելավման նպատակով: Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված են ՀՀ ԱԻ նախարարության համակարգային աշխատանքով:

Նմանատիպ նյութեր