211652_close_icon
views-count1919 դիտում article-date 09:22 15-08-2016

Ջրաշենում տեղի ունեցավ «Մայրություն» հուշարձանի օրհնության և պաշտոնական բացման արարողությունը

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում տեղի ունեցավ «Մայրություն» հուշարձանի օրհնության և պաշտոնական բացման արարողությունը: Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը ներկայացրեց օրվա խորհուրդը` «Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը»: Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանն իր խոսքում կարևորեց մարզում իրականացվող նմանատիպ ազգաշահ նախաձեռնությունները: «Կարևորում եմ այն հանգամանքը, որ երկրաշարժից հետո դեռևս եկեղեցի չունեցող Ջրաշենում Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին հուշարձանի բացումը խորհրդանշական է, այն կարող է համայնքային համախմբման կենտրոն դառնալ՝ նպաստելով գյուղի մշակութային զարթոնքին»: Միջոցառման նախաձեռնող, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանն էլ ընդգծեց, որ «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» հուշարձանը նոր սերնդի կրթության ու դաստիարակության խնդիր է լուծելու: Հույս հայտնեց, որ դպրոցականները մորը նվիրված իրենց միջոցառումները կանցկացնեն հուշարձանի մոտ, իսկ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Ջրաշենում կդառնա ավանդական՝ յուրաքանչյուր տարի նշվելով հատուկ շուքով՝ բազմաթիվ հյուրերի ու գյուղից դուրս բնակվող ջրաշենցիների մասնակցությամբ: Հուշարձանի պաշտոնական բացումից հետո հոգևոր հովիվը կատարեց խաղողօրհնեքի արարողություն՝ ներկաներին մաղթելով առատ բերք և բարիք: Հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից քանդակված հուշարձանը տեղադրված է գյուղի կենտրոնում՝ երկրաշարժից ավերված դպրոցի տեղում: [img]/ups/images/0833558001471237903109135.jpg[/img][img]/ups/images/0382748001471237902467344.jpg[/img][img]/ups/images/0633940001471237900304907.jpg[/img]

Նմանատիպ նյութեր