Երևանցի բժիշկները ԼՂՀ Ասկերանի շրջանային բուժմիավորումում անվճար հետազոտություն են իրականացրել
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում: Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնից ժամանած բժիշկներին:
Ինչպես նախապես տեղեկացվել էր ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհրդի նախաձեռնությամբ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի նախագահած «Հայաստանի հանրապետական կուսակցության» կանանց խորհրդի անմիջական օժանդակությամբ և ԼՂՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Արևիկ» մանկական բուժմիավորումում, Շուշիի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներում իրականացվում են հիվանդների անվճար ընդունելություն, խորհրդատվություն, համապատասխան հետազոտություն Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնի մասնագետների կողմից:
Օգոստոսի 11-ին իրականացված «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում Ասկերանի շրջանային բուժմիավորումում խորհրդատվություն են ստացել 154 բնակիչ, որոնցից սրտաբանի մոտ`54, սոնոգրաֆիստի`54, մանկաբույժի`31, նյարդաբանի `15:
Հիվանդները տեղում ենթարկվել են էխոսրտագրության, ուլտրաձայնային և լաբորատոր հետազոտության:
Արաբկիր բժշկական կենտրոնի մասնագետները արձանագրել են, որ հետազոտվածների մեծ մասը հիմնականում հիպերտոնիկ հիվանդներն են, սրտի իշեմիկ հիվանդություններով տառապողները, հետվիրահատական ստուգումների և կոնսուլտացիայի կարիք ունեցողները: