211652_close_icon
views-count2534 դիտում article-date 18:58 11-08-2016

Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել «Միասնության ուժ-2016» երիտասարդական հավաքի փակման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 11-ին Հանքավանում ներկա է գտնվել «Միասնության ուժ-2016» ուսանողական-երիտասարդական հավաքի փակման արարողությանը: Երիտասարդներին ուղղված իր խոսքում Սեյրան Օհանյանը կարևորել է պաշտպանական գերատեսչության համագործակցությունը երիտասարդական կազմակերպությունների հետ և շեշտել, որ նմանատիպ հավաքներն առաջին հերթին ձևավորում ու ամրապնդում են այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ցանկացած երիտասարդի: «Յուրաքանչյուր պետության բաղկացուցիչ մասերն են հանդիսանում երկրի տնտեսությունը, բանակը և նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, որն ամբողջ հասարակության գաղափարական և հայրենասիրական դաստիարակության մասն է, առանց որի անհնարին կլինի իրականացնել երկրի պաշտպանությունը: Այս հավաքի ժամանակ դուք բաժանվել եք մի քանի ճակատների և անկասկած, առաջին հերթին ձեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի նմանվել Գարեգին Նժդեհին, Վազգեն Սարգսյանին, Մոնթե Մելքոնյանին, մարդիկ, ովքեր մեծ ճանապարհ են անցել և երիտասարդներին ուղղված նրանց խոսքերում կա մեկ միտք՝ ապագան երիտասարդների ձեռքերում է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ տեսնենք ձեզ ավելի պատրաստված, փորձառու, գրագետ: Ես միշտ հաստատակամությամբ ասել եմ, որ այսօրվա սերունդը մեզանից լավ պատրաստված է լինելու, ավելի լավ է ապահովելու հայրենիքի անվտանգությունը և տանելու այն զարգացման»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ իր խոսքերի իրավացիությունը ապացուցեցին առաջնագծում կանգնած զինծառայողները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին ու մասնակցել գավաթների և պատվոգրերի հանձնման արարողությանը: «Միասնության ուժ-2016» ուսանողական-երիտասարդական մեկշաբաթյա հավաքին մասնակցել են ՀՀ և Արցախի բուհերի շուրջ 200 ուսանողներ: Ուսանողական երեք ճակատները կրել են Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի անունները: Հավաքի ընթացքում երիտասարդները կազմակերպել են տարբեր մրցույթներ, անցկացրել մշակութային, մարզական և ռազմահայրենասիրական միջոցառումներ, հանդիպումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր