863 դիտում
15:58 05-12-2014
Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությանը
Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, շնորհավորելով մրցույթի բոլոր հաղթողներին, նշել է, որ «Համաշխարհային հմտություններ» միջազգային շարժման շարքում Հայաստանն իր ամուր և կայուն տեղն է գրավել: Նախարարը նաև գոհունակությամբ շեշտել է մրցույթի անցկացման գործում միջազգային գործընկերների և տեղական կառույցների ընդլայնման փաստը` հույս հայտնելով, որ վերոնշյալ կառույցներն իրենց աջակցությունը կհայտնեն Հայաստանում մրցույթի կազմակերպիչներին:
««Համաշխարհային հմտություններ» մրցույթը համաշխարհային մասշտաբով ունի մեծ հեղինակություն. պատահական չէ, որ մի շարք երկրներում մրցույթի բացման արարողությանը մասնակցում են երկրի առաջին դեմքերը: Այսինքն` համաշխարհային մասշտաբով կարևորվում է միջին մասնագիտական կրթության կարևորությունը տնտեսության զարգացման գործում: Երկար տարիներ միջին մասնագիտական կրթությունը խորթ եղբոր կարգավիճակում է գտնվել հանրակրթության և բարձրագույն կրթության շարքում: Սակայն ներկայումս այն նոր զարթոնք է ապրում, որի վկայությունն են ոչ միայն այս մրցույթը և ընդլայնվող արտաքին կապերը, այլ նաև կատարված խորքային բարեփոխումներն այս ոլորտում: Մասնավորապես, պետպատվերի տեղերի ավելացումը, նյութատեխնիկական բազայի համալրումը, կրթական ծրագրերի վերանայումը, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ընդունելության քննությունների հանումը և այլն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության և գիտության նախարարությունը կանի հնարավորը, որպեսզի Հայաստանը ներկայացնող մասնակիցները հավուր պատշաճի ներկայանան «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթում և մրցանակային տեղեր գրավեն:
Նախարար Արմեն Աշոտյանը մրցանակներ է հանձնել հաղթողներին:
Նշենք, որ 2014թ. նոյեմբերի 26-27ը կայացել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը երեք մասնագիտությունների գծով՝ Մեխատրոնիկա, Վեբ դիզայն և ՏՏ ցանցային համակարգերի կառավարում: 2013 թվականին առաջին փուլով կայացել էր մրցույթ Ոսկերչություն, Նորաձևության տեխնոլոգիա և Խոհարարություն մասնագիտությունների գծով:
«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները՝ ընտրված երեք մասնագիտություններից, հնարավորություն կունենան մասնակցելու 2015 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթին: Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալու և մրցակցելու իրենց հմտություններով 72 այլ երկրների ուսանողների հետ:
Համաշխարհային այս կառույցին` որպես հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակներում:
«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտին, ՄԿՈՒԶԱԿ-ին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը:
Նմանատիպ նյութեր
3847 դիտում
09:37 01-07-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը
2531 դիտում
18:58 11-08-2016
Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել «Միասնության ուժ-2016» երիտասարդական հավաքի փակման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1370 դիտում
15:44 17-12-2021
Կայացել է «Հայաստանի հմտություններ» մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»