211652_close_icon
views-count1075 դիտում article-date 18:16 05-08-2016

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

Օգոստոսի 5-ին Եվրոպայի խորհրդում (ԵԽ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Պաշտոնական արարողությանը հետևած զրույցի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 15 տարիների ընթացքում մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդման գործում կազմակերպության արժեքավոր դերակատարությունը: Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց Եվրոպայի խորհրդի և կազմակերպության փորձագիտական և խորհրդատվական մարմինների հետ սերտ համագործակցությունն այսուհետ ևս շարունակելու ՀՀ իշխանությունների վճռականությունը` ի նպաստ սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների հետագա արմատավորման: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ողջունելով Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին, նշեց, որ Հայաստանը, որպես կազմակերպության ակտիվ անդամ, հետևողականորեն ներգրավված է կառույցի գործընթացներում և ընթացիկ աշխատանքներում: Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հիշատակեց երկկողմ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում նախաձեռնվող սահմանադրական, օրենսդրական բարեփոխումների գործընթացում ԵԽ նորմերի երաշխավորման նպատակով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող դրական քայլերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերին, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ համագործակցության ոլորտին:

Նմանատիպ նյութեր