211652_close_icon
views-count2693 դիտում article-date 17:26 04-08-2016

Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի մասնակից Երևանի ընտանիքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին: Մեկ անգամ ևս շնորհավորելով նրանց` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հաղթական գավաթը հերթական անգամ Երևան բերելու համար, ընդգծելով, որ հաջողության հիմնական գրավականը ամուր ընտանիքն ու հաղթանակի մեծ ձգտումն է: «Արդեն բարի ավանդույթ է դարձել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում Երևանի թիմի հաղթական գավաթով վերադարձից հետո մեր այս հանդիպումները: Եվ այդ ավանդույթը ձևավորել եք դուք՝ ձեր ընտանիքներով, ձեր մարզասեր երեխաներով: Հենց ձեր շնորհիվ է, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ Երևանը ճանաչվում է լավագույնը, ինչով հպարտանում ենք բոլորս: Նաև հպարտ ենք, որ ունենք նման մարզասեր ընտանիքներ, որոնք սիրում են իրենց քաղաքը, աշխատանքը, սիրում են առողջ ապրելակերպն ու երևանցիներին պարգևում են նման հաղթանակներ: Բոլոր երևանցիների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորում եմ բոլորիդ և վստահեցնում եմ, որ մենք միշտ լինելու ենք ձեր ընտանիքների կողքին ու անելու ենք ամեն ինչ, որ երևանյան մարզասեր ընտանիքների թիվն ավելանա», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է համայնքային մարզադպրոցների պայմանների բարելավման և մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը: ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշանվերներով: Թիմի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրի են արժանացել նաև մարզիչները, ինչպես նաև Երևանի մարզական պատվիրակության ներկայացուցիչ Արա Բաղրամյանը: Արդեն 12-րդ տարին անընդմեջ մրցույթին մասնակցող Սանթրոսյանների ընտանիքը, որն այդ բոլոր տարիներին եղել է Երևանի թիմի ավագն ու այսուհետ էլ չի մասնակցելու մրցույթին, հանդիսավոր արարողության շրջանակում թիմի ավագի խորհրդանշական թևկապը փոխանցել է Մարգարյանների ընտանիքին: Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի մրցանակ գավաթը հերթական անգամ ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր