211652_close_icon
views-count3973 դիտում article-date 12:54 04-08-2016

Հայաստանում արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ. Հովիկ Աբրահամյան

Չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանը վերջին 1.5 տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ: Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մինչ օրակարգին անցնելը, ամփոփեց 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական արդյունքները: Նրա խոսքով՝ հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում. այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով: «Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը»,-հավելեց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը մեջբերեց զանազան փորձագիտական գնահատականներ, ըստ որոնց` 2015-ին տեղ գտած արտաքին ցնցումներն առանց կառավարության կողմից իրագործված քաղաքականության կարող էին բնակչության եկամուտները նվազեցնել 20-30 տոկոսով: Նա, հավելելով, արձանագրեց, որ 2016 թվականի սկզբին Հայաստանի առջև ծառացած էին ինչպես բազում սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ, իսկ 2015-ից սկիզբ առած բացասական համաշխարհային տնտեսական ճնշումներն ու ազդակները և միջազգային առևտրի դանդաղումը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարները:

Նմանատիպ նյութեր