211652_close_icon
views-count2383 դիտում article-date 12:15 04-08-2016

Ժիրայր Սեֆիլյանը եղբայրաբար հորդորում է Պավլիկ Մանուկյանին դադարեցնել հացադուլը

Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժ. Սեֆիլյանի կոչը` ուղղված 7 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող Պավլիկ Մանուկյանին` դադարեցնել հացադուլը: Սեֆիլյանը ճիշտ քայլ է որակել «Սասնա ծռերի»` իշխանություններին հանձվելու որոշումը, քանի որ դրանով, ըստ Ժիրայր Սեֆիլյանի` կանխվեց երկկողմ արյունահեղությունը: Ներկայացնում ենք Պ. Մանուկյանին ուղղված Ժ. Սեֆիլյանի նամակն ամբողջությամբ. «Սիրելի Պավլիկ, Բարեբախտաբար հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից: Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել և չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ՝ դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թե շուտ ապստամբելու է: Հուլիսի 27-ին, վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն։ Այո՛, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց: Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել, ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար: Ուստի, եղբայրաբար խնդրում եմ՝ դադարեցնես հացադուլը, և օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես: Հոգով և մտքով միշտ քեզ հետ: Ժիրայր ՍէՖիլյան Վարդաշեն ՔԿՀ-ից Օգոստոսի 4, 2016թ.»:

Նմանատիպ նյութեր