Երևանում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները
Երևանը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որից 140-ն արդեն իսկ կառուցվել է:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ինչպես շինարարության ընթացքում, անպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ: Այս տարի թեքահարթակների կառուցումն ընդգրկում է բոլոր վարչական շրջանները:
Կառուցվող թեքահարթակներն ընդունված միջազգային չափորոշիչներին համապատասխան են և հնարավորություն են տալիս առանց լրացուցիչ օգնության հեշտությամբ տեղաշարժվել ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլև այգիներում և պուրակներում: