211652_close_icon
views-count1899 դիտում article-date 12:58 02-08-2016

Օգոստոսի 1-7-ը Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթն է

Ամեն տարի օգոստոսի 1-7-ը նշվում է Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը` նպատակ ունենալով խրախուսել կրծքով սնուցումը և բարելավել երեխաների առողջությունն ամբողջ աշխարհում: Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը նշվում է ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև 1990 թվականի օգոստոսին ստորագրված Իննոսենտիի հռչակագրով, որն ուղղված էր խրախուսելու և աջակցելու կրծքով սնուցմանը: Կրծքով սնուցումը լավագույն եղանակն է` կրծքահասակ երեխաներին ապահովելու բոլոր այն սննդարար նյութերով, որի կարիքը նրանք ունեն: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բացառապես կրծքով կերակրել երեխաներին մինչև 6 ամսական հասակը, որից հետո կարելի է ավելացնել նաև արհեստական կաթնախառնուրդներ` միաժամանակ շարունակելով կրծքով սնուցումը մինչև երեխայի 2 տարեկան դառնալը: Այս տարի, կրծքով սնուցման համաշխարհային շաբաթվա շրջանակներում միջոցառումներն իրականացվում են «Խրախուսենք մայրերին կրծքով կերակրել երեխաներին ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում» կարգախոսով` նպատակ ունենալով ցույց տալու, որ հասարակությունը ևս կարևորում է կրծքով սնուցումը և աջակցում: Հայաստանում երեխաների առողջության պահպանման ոլորտում պետական քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է կրծքով կերակրման խրախուսմանը: Նշենք, որ 2014 թվականին ընդունվեց «Երեխաներին կրծքով սնուցման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՕ-177-Ն օրենքը, որով կանոնակարգվել են մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության, պիտակավորման, վաճառքի, գովազդի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կրծքով սնուցման խրախուսման ոլորտում լիազոր մարմնի, առողջապահական կազմակերպությունների և բուժաշխատողների պարտականությունները: Միաժամանակ, նշենք, որ 2015 թվականի վերջում ընդունվել է կրծքով սնուցման ազգային ծրագիրը և 2016-2020թթ. գործողությունների պլանը, որում սահմանված են ուղենիշներ և բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված են այս ոլորտում բուժաշխատողների կրթմանը, մայրերի իրազեկման բարձրացմանը, առողջապահական կազմակերպություններում նորածիններն բարյացակամ ծառայությունների ընդլայնմանը, կերակրող մայրերի և նրանց երեխաների համար նախատեսված նպաստավոր պայմանների ստեղծմանը, մոնիտորինգի բարելավմանը:

Նմանատիպ նյութեր