211652_close_icon
views-count1585 դիտում article-date 19:30 01-08-2016

Օգոստոսի 2-8-ը «Միացյալ Հայաստան» ծրագրի շրջանակներում կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ Արցախում

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները օգոստոսի 2-8-ը «Միացյալ Հայաստան» ծրագրի շրջանակներում կիրականացնեն տարաբնույթ միջոցառումներ Արցախում, կմասնակցեն կրթամշակութային արշավ-ուխտագնացությունների: Համալսարանականների մասնակցությամբ իրականացվող այս ծրագիրը 8-րդն է, որի նպատակն է հարյուրավոր երիտասարդների հնարավորություն տալ լինելու Արցախ աշխարհում, ինչպես նաև` ամրապնդելու բանակ-հասարակություն կապը: Ընդ որում` այս ծրագրին, բացի ուսանողներից, մասնակցելու են նաև Մայր բուհի շրջանավարտներ, ԵՊՀ զոհված դասախոս, ուսանող-ազատամարտիկների զավակներ, հարազատներ և ուրիշներ: Արցախյան ուխտագնացությունից առաջ «Վարդանանք» ակումբի նախաձեռնությամբ Մայր բուհում անցկացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որին ակտիվորեն մասնակցած երիտասարդներն էլ ընդգրկվել են 7-օրյա արշավի մասնակիցների կազմում: «Միացյալ Հայաստան» կրթամշակութային արշավ-ուխտագնացության երթուղին հաստատել և տրանսպորտային միջոցներ է տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի «Միացյալ Հայաստան» ծրագրի մասնակիցները կլինեն ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ մի շարք զորամասերում, կճաշեն զինվորների հետ: Հայոց սահմաններն անառիկ պահող տղաների հետ համատեղ կանցկացվեն տարաբնույթ ինտելեկտուալ խաղեր, մշակութային մրցույթներ, գրական և երաժշտական միջոցառումներ և այլն: Իսկ ահա «Նվիրի՛ր գիրք զինվորին» ծրագրի շրջանակում հավաքված շուրջ 1000 գրքերն էլ կնվիրվեն զորամասերի գրադարաններին: Վարդանանքցիները կայցելեն նաև Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, Արցախյան գոյապայքարում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողներ, թանգարաններ, պատմամշակութային վայրեր և այլն: Ուխտագնացները հանգրվանելու են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի միջնակարգ դպրոցում: Այստեղ ևս հայրենասեր վարդանանքցիները գյուղի երիտասարդության և Թալիշից տարհանված ընտանիքների համար կանցկացնեն մի շարք միջոցառումներ՝ ընթերցումներ, ինտելեկտուալ խաղեր, երգերի ու պարերի ուսուցում, ֆիլմերի դիտում, բանավեճեր և այլն:

Նմանատիպ նյութեր