Օդեսայից ժամանած պատվիրակությունն այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան
                        Օդեսայի հայ համայնքի նախաձեռնությամբ և «Ծիածան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ կազմակերպված դպրոցականների մարզային մրցաշարի հաղթողները պարգևատրվել էին մեկշաբաթյա տուրիստական ուղևորությամբ` դեպի Հայաստան:  Ուկրաինական  պատվիրակությունը, որի կազմում նաև հայեր կան, այս օրերին գտնվում է Երևանում, ուր հյուրերի համար արդեն կազմակերպվել  են մի շարք հանդիպումներ ու մարզամշակութային միջոցառումներ:
 Հուլիսի 29-ին պատվիրակությունն այցելել է  Երևան քաղաքի պատմության թանգարան,  ուր նրանց դիմավորել են թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: 
Նախասրահում պատվիրակության ղեկավար, Օդեսայի մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Արմեն Պետոյանը նախ ներկայացրել է ուկրաինացի ականավոր պատմաբան Յարոսլավ Դաշկևիչի «Հայերը Ուկրաինայում» աշխատությունը, որը գրողի հայագիտական կեսդարյա ուսումնասիրությունների արդյունքն է` Ուկրաինայում հայերի բնակության, կենցաղի, մշակույթի զարգացման և այլ ասպարեզներում ունեցած դերակատարման մասին: 
Այնուհետ պատվիրակության անդամները հարկաբաժիններում դիտել են թանգարանի ցուցանմուշները և ծանոթացել Երևանի համառոտ  պատմությանը:  Հյուրերը նշել են, որ հիացած են Երևանի գեղեցկությամբ ու անչափ տպավորված են իրենց հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

