211652_close_icon
views-count3271 դիտում article-date 17:45 26-07-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղար Դավիդե Սառնատարոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Կարապետյանը կարևորել է հայ-իտալական համագործակցության բարձր մակարդակը` ընդծելով գյուղատնտեսության ոլորտում դրանք զարգացնելու և նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: «Հայաստանի անկախացումից ի վեր Իտալիայի Հանրապետության հետ հաստատվել են սերտ հարաբերություններ, մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում բազմաթիվ համատեղ հաջողված ներդրումային ծրագրեր են իրականացվել, և ես կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում նույնպես առկա են փոխշահավետ բիզնես-նախագծեր իրականացնելու լայն հնարավորություններ»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը: Իր հերթին Դավիդե Սառնատորեն նշել է, որ Հայաստանն իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, և հաշվի առնելով նաև ԵՏՄ-ին անդամակցության հանգամանքը` իրենք պատրաստ են քննարկել համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերը: Նա հավելել է, որ իտալացի գործարարների համար հատկապես հետաքրքրական կարող են լինել գինեգործության և պանրագործության ճյուղերը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որն առավել առարկայական և հանգամալից կուսումնասիրի համագործակցության հնարավոր ուղղությունները, այնուհետև կազմակերպել բիզնես-ֆորում երկու երկրների գործարարների մասնակցությամբ, ինչին դրական է արձագանքել իտալական կողմը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր