211652_close_icon
views-count1888 դիտում article-date 19:30 22-07-2016

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հանրային խորհրդի անդամներին

Հուլիսի 22-ին Հանրային խորհրդում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպումը խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Հովհաննես Հովհաննիսյանը, Էմիլ Տարասյանը, էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ: Սա էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Արծվիկ Մինասյանի առաջին հանդիպումն էր Հանրային խորհրդի անդամների հետ, ինչի առիթով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու պաշտոնում: Նախարար Մինասյանը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության գործառույթները, անդրադարձել կիսամյակային կտրվածքով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին: Հաշվի առնելով, որ էկոնոմիկայի նախարարությունը համակարգում է շուրջ 30 ոլորտների աշխատանքը, նախարարը հիմնականում անդրադարձել է արդյունաբերության, ներդրումների, արտահանման խթանման հարցերին, նախարարության կողմից մշակվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Ծավալված հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ է եղել զբոսաշրջության զարգացման, վիճակագրական ճշգրիտ տվյալների ներկայացման և մեթոդոլոգիայի խնդիրներին, պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, բանկային քաղաքականության հարցերին: Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը, ողջունելով նախանշվող ծրագրերը, նշել է, որ դրանք պետք է նաև բնապահպանական տեսանկյունից ճիշտ ուղու վրա դրվեն, և կանաչ էկոնոմիկան զուտ խոսքեր չլինի: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նախարարը խնդրել է նաև Հանրային խորհրդի աջակցությունը բարձրացված հարցերի շուրջ լուծման տարբերակների և առաջարկությունների ներկայացման հարցում: -Եթե միասին գործենք, կարող ենք լավ արդյունքի հասնել: Առանձին-առանձին ոչ մեկս ոչնչի չենք կարող հասնել, - նշել է Արծվիկ Մինասյանը:

Նմանատիպ նյութեր