211652_close_icon
views-count1910 դիտում article-date 18:00 22-07-2016

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցականը Դավիթ Հովհաննեսի մահվան կապակցությամբ

Դավիթ Հովհաննեսի ընտանիքին Սիրելի Համասփյուռ, Սաբեթ և Հրաչ, Անսպասելի, անհավատալի, ցավալի լուրը տակնուվրա արեց հոգիս ու միտքս. հանկարծամահ է եղել Դավիթ Հովհաննեսը: Հիրավի դժվար է ամբողջական ձևակերպում տալ կորստի մեծությանը, որովետև Դավիթ Հովհաննեսը մեր գրական-հասարակական կյանքի ամենավառ անհատականություններից էր և իր մեջ պարփակում էր անընդգրկելի շերտեր: Որպես Մարդ՝ կյանքով, հումորով, երբեմն նաև՝ դառը, անողոք սարկազմով, ավյունով, անկեղծ ծիծաղով լեցուն, հողի ու երգի սիրահար, ըմբոստ ու համարձակ, որպես Բանաստեղծ ու Հայ, Մեծ Հայ, որ հոգում կրում էր հայ լինելու հրաշքն ու տառապանքը, որ իր հախուռն, ուժեղ ու առնական, հզոր ու հուժկու բանաստեղծական խոսքում կերտում էր Հավերժական Հայի ամենաիրական կերպարը՝ կանգնած եղեռնի ու երկրաշարժի մեջտեղում, արնամած աչքերը հառած Մասիս սարին, որին խփում են ամեն կողմից, բայց նա չի՛ վերջանում, որովհետև, ինչպես ինքն է գրում՝ «Ես Հավերժական Հայն եմ ու Հայաստանը, որովհետև ես ամեն ի՛նչ եմ, ամենո՛ւր ու անվախճա՛ն..»: Պիտի հավատանք, իրավունք չունենք չհավատալ նրա խոսքերի ճշմարտացիությանը, նրա անվախճան գոյությանը. դա պիտի լինի ձեր, մեր, ամբողջ հայ ժողովրդի մխիթարանքը: Խորապես ցավում եմ և ցավակցում ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գրչակիցներին, ընթերցողներին և համայն հայությանը: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Նմանատիպ նյութեր