211652_close_icon
views-count2144 դիտում article-date 16:39 21-07-2016

ՀՀ Մշակույթի նախարարն ընդունել է «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի ներկայացուցիչներին

Ս. թ. հուլիսի 18-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է «Եվրոպա Նոստրա» կազմա­կեր­պու­թյան և Եվրոպական ներդրումների բանկ-ինստի­տուտի փորձագետներին, ովքեր Հայաստան են ժամանել «Երերույ­ք­-Անիպեմզա» ծրագրի մեկնարկի առիթով: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հյուրերին փորձագիտական առաքելություն նախաձեռնելու կապակցությամբ, նախարար Հ. Պողոսյանը կարևորել է «Երերույ­ք-­Անիպեմզա» ծրագրի մեկնարկը. «Երերույք հնագիտական հուշարձանն ու Անիպեմզա գյուղը «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրում ընդգրկելը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը իրապես դիտարկվում է որպես եվրոպական ժառանգության անբաժանելի մի մասնիկ: Նմանատիպ ծրագրերի իրականացումն առավել քան արդիական է Հայաստանի նման հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկրի համար»,- նշել է ՀՀ մշակույթի նախարարը, հավելելով, որ ծրագիրը պետք է իրականացվի մի քանի ուղղություններով՝ հուշարձանի վերականգնում, համապատասխան ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացում, բնակչության կարիքներին ուղղված ենթածրագրերի իրականացում: Հ. Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու փորձագետների աշխատանքին, այնուհետև հյուրերին ներկայացրել է մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, ոլորտում առկա ձեռքբերումները և առաջնահերթությունները: ՀՀ մշակույթի նախարարը հատուկ ընդգծել է միջազգային կազմակերպությունների հետ այս ոլորտում արդեն իսկ ձևավորված համագործակցությունը, նշելով, որ Հայաստանը շահագրգիռ և պատրաստակամ է այդ համագործակցությունն ընդլայնելու հարցում: Հասմիկ Պողոսյանը գոհունակությամբ նշել է 2015 թվականին «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի՝ «Եվրոպա Նոստրա» մրցանակին արժանանալու փաստը. «Սրանով ոչ թե ավարտվեց, այլ մեկնարկեց մեր համագործակցությունը «Եվրոպա Նոստրայի» հետ, որը նպատակային և հիմնավոր աշխատանք է իրականացնում մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման գործում»: Հ. Պողոսյանի դիտարկմամբ՝ «Եվրոպա Նոստրա» կազմակերպության ներկայությունն ու տարբեր ծրագրերի իրականացումը Հայաստանում նոր գործընթացների ձևավորման կարևորագույն առաքելություն է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայկական պատմամշա­կութային ժառանգությանը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությունից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված են՝ Հաղպատի և Սանահինի վանական համալիրները (1996, 2000 թթ.), Էջմիածնի Մայր տաճարը և եկեղեցիներն ու Զվարթնոց հնագիտական վայրը (2000 թ.), Գեղարդի վանական համալիրը և Ազատ գետի վերին հովիտը (2000 թ.), իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ներկայացված են՝ Դվին քաղաքի հնագիտական վայրը (1995 թ.), Երերույքի բազիլիկը և հնագիտական վայրը (1995 թ.), Նորավանքը և Ամաղուի վերին հովիտը (1996 թ.), Տաթևի և Անապատ վանական համալիրներն ու Որոտանի հովտի հարակից տարածքները (1995 թ.): Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց փորձագիտական առա­քելությունը միտված է ինչպես հուշարձանի վերականգնմանը, այնպես էլ վերջինիս շուրջ հնարավոր ենթակառուցվածքների զարգացմանը, ինչն իր հերթին կխթանի զբոսաշրջությունն ու կաշխուժացնի համայնքային կյանքը Հայաստանում: «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստի­տուտի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարի երթ է մաղթել միջազգային փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին՝ իրենց առաջիկա ծրագրերը կյանքի կոչելու գործում: Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը ս. թ. մարտի 16-ին Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանա­կաբաշխության ժամանակ ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է Եվրոպա Նոստրայի անդամ՝ «Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը»:

Նմանատիպ նյութեր