Բաքուն ծրագրել էր բլիցկրիգի միջոցով ամենակարճ ժամկետում ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը. Բակո Սահակյան
Ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքուն ծրագրում էր բլիցկրիգի միջոցով ամենակարճ ժամկետներում ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը, lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«2016 թվականի ապրիլի 2-5-ը Ադրբեջանը, ուխտադրուժ կերպով խախտելով 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, լայնածավալ ռազմական գործողություններ իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սահմանների գրեթե ամբողջ երկայնքով:
Ադրբեջանի գործողություները՝ իրենց բոլոր բնութագրերով կարելի է պատերազմ որակել: Բաքուն ծրագրել էր բլիցկրիգի միջոցով ամենակարճ ժամկետում ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը»,- նշել է Արցախի նախագահը:
Նա հավելել է, որ, խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանը դրան պատրաստվել է 22 տարի՝ վարելով ագրեսիվ քաղաքականություն տեղեկատվական, դիվանագիտական ու ռազմաքաղաքական ոլորտներում:
«Մենք բազմիցս ենք նախազգուշացրել նման քաղաքականության վտանգավոր ու ողբերգական հետանքների մասին: Ցավոք, պատերազմը չհաջողվեց կանխել: Եվ միայն նյութական ու մարդկային մեծ կորուստներ կրելով՝ հակառակորդը ստիպված եղավ կանգ առնել»,- ընդգծել է Բ. Սահակյանը: