211652_close_icon
views-count1975 դիտում article-date 22:29 13-07-2016

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Հայկական շահերի պաշտպանությունն արվեստի միջոցով» թեմայով նիստը

Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների՝  «Հայաստան. Ստեղծենք միասին»   երիտասարդական առաջին հավաքի  մասնակիցներն այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ մեկնարկեց «Հայկական շահերի պաշտպանությունն արվեստի միջոցով» թեմայով նիստը: Նիստը վարում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Նա հակիրճ անդրադարձավ թանգարանի ստեղծման պատմությանը, թանգարանների այցելուների դրական դինամիկային: Բանախոսը ներկայացրեց Հայաստանում առկա մշակութային խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այնուհետև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը զեկուցեց «Կոմիտասի ժառանգությունն ինքնության հարցերի համատեքստում» թեմայով՝ նշելով, որ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության հիմնադիրը լինելուց բացի, եվրոպական երաժշտության համատեքստում 20-րդ դարասկզբի ամենահետաքրքիր, ամենանորարար և նշանակալի երևույթներից, հայ ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է »։  Այնուհետև հուշարձանագետ, փորձագետ Սամվել Կարապետյանը ներկայացրեց «Հայկական շահերի պաշտպանությունը հայկական պատմական ժառանգության պահպանման համատեքստում» զեկույցը: Բանախոսը տեսաշարի միջոցով ներկայացրեց հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակը, ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ում: Նա նաև անդրադարձավ Վրաստանում և Իրանում հայկական մշակութային ժառանգության վիճակին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության բարեհաճ վերաբերմունքը հայկական հուշարձանների վերականգմնան և պահպանման հարցում: ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը զեկուցեց «Հայկական ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» թեմայով: Նա տեսաշարի միջոցով ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում այսօր ընդգրկված նյութական և ոչ նյութական հայկական արժեքները: Նիստի ավարտից հետո բանախոսները պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին: Երիտասարդները շրջայց կատարեցին Կոմիտասի անվան պանթեոնում, ծանոթացան տարբեր սրահներում ներկայացված ցուցադրություններին: Հավաքի երրորդ օրվա ավարտից հետո մասնակիցները «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում դիտեցին ֆիլմեր:

Նմանատիպ նյութեր