211652_close_icon
views-count2871 դիտում article-date 13:07 10-07-2016

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի տարածաշրջանի ամենաճանաչված` «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը

Այսօր` հուլիսի 10-ին, կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնը. այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Մինչ փառատոնի մեկնարկը՝ Սուրբ Զորավոր եկեղեցում կկայանա ծիրանօրհներքի ավանդական արարողությունը: Ժամը 18:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին կբացվեն կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսոր, կինոդրամատուրգ Էդմոնդ Քեոսայանի և կինոռեժիսոր, սցենարիստ Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը: Կինոփառատոնի պաշտոնական բացումը կկայանա ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Բացման արարողությանը կներկայացվեն մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը և ժյուրիի կազմը: Փառատոնի բացման հանդիսությանը կհաջորդի նշանավոր կինոռեժիսոր, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր` Համո Բեկնազարյանի 1926 թվականին նկարահանած «Զարե» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը, որը կուղեկցվի դաշնակահար, ջազմեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի կատարումներով: Փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այդ առիթով կիրականացվեն մի շարք ծրագրեր. մասնավորապես՝ կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, որում ներառված է անկախության 25 տարում նկարահանված հայկական լավագույն ֆիլմերը: Հուլիսի 10-17-ը փառատոնի շրջանակում, մրցութային և արտամրցութային ծրագրերում կներկայացվի շուրջ 135 ֆիլմ։ Այս տարի նախատեսված են «Վիլյամ Շեքսպիրի մահվան 400–րդ տարելիցին» նվիրված ծրագիրը, ինչպես նաև «Ֆրանսիական նոր կինո», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերը: Փառատոնի մասնակիցներին և հյուրերին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշում է. «Փառատոնը մեր արևկող պատուհանն է, որով տեսնում ենք աշխարհի վառ գույներն ու պատկերները, հաղորդակցվում մեծ ու տաղանդավոր մարդկանց ստեղծած երևակայական կերպարների հետ՝ կիսելով նրանց ցավն ու ուրախությունը, զգացմունքներն ու հույզերը: Ողջունելի է, որ փառատոնը մշտապես անդրադառնում է մեր պետության և ժողովրդի համար բախտորոշ իրադարձություններին. այս իմաստով կրկնակի արժևորվում է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որի ընթացքում հետահայաց ցուցադրությամբ կներկայացվի մեր անկախության կինոն»: Նշենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է:

Նմանատիպ նյութեր