Աշտարակի Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները վերականգնվել են
ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան թույլտվությամբ և հուշարձանի սեփականատեր հանդիսացող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ՝ 2016 թվականի մայիսին մեկնարկած ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցու (VII դ.) որմնանկարների մաքրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներն ավարտվել են:
Նշյալ աշխատանքներն իրականացվել են Իտալիայում բնակվող` վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի և որմնանկարների վերականգնման մասնագետ Քրիստին Լամուղէի անմիջական մասնակցությամբ և միջոցներով:
Կատարված աշխատանքների արդյունքում այսօր Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցու ներսում տեսանելի են տասը սրբապատկերներ, որոնք վկայում են VII դարի հայկական որմնանկարչության բարձր արվեստի մասին: Եկեղեցու արևմտյան թաղակապի հյուսիսային հատվածում՝ խաչթևին պատկերված է Սբ Գևորգ զորավարը՝ ձիու վրա նստած, թուրը պատրաստ հարվածին, իսկ արևմտյան թևի հարավային կողմում պատկերված է ձիուն նստած Սբ Սարգիս զորավարը՝ մանուկը գրկին և նետը ձեռքին: Ավագ խորանի որմնանկարների շարքը երկրաչափական է, որը որմնագիր նախշի միջոցով նկարազարդ քիվը բաժանում է երկու մասի: Քիվից ներքև՝ ավագ խորանի լուսամուտի աջ կողմում, հայտնաբերվել են երեք սրբապատկերներ, իսկ ձախում՝ երկուսը: Գմբեթարդի կենտրոնական հատվածում «Քրիստոսը փառքի մեջ» տեսարանն է, որի երկու կողմերում մեկական քառաթև քերովբեներ են պատկերված:
Գմբեթարդի հյուսիսային կամարակապին պատկերված են Մարիամ Աստվածածնի, իսկ հարավային կամարակապին՝ Սբ Հովհաննես Մկրտչի նրբագեղ որմնապատկերները: Սվաղի քայքայման և թափման հետևանքով բոլոր որմնապատկերների դեմքերի և ձեռքերի հատվածները ժամանակի ընթացքում կորցրել են նրբերանգները և ներկայումս մեծամասամբ սև ու սպիտակ երանգներով են: Այսուհետ, Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցի այցելած բոլոր հավատացյալները, ուխտավորները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան վայելել ոչ միայն հայկական ճարտարապետության խոյակերտ գոհարներից մեկը, այլ նաև հիանալ վաղ միջնադարի հայկական որմնանկարչության վառ օրինակներից մեկով:
Որմնանկարների հետագա պահպանման ապահովության համար մոմավառությունը նախատեսվում է կազմակերպել եկեղեցուց դուրս:
Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» պետական բյուջեի ծրագրով առաջիկայում կիրականացվեն նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման և նորոգման գիտանախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները։
Վերադառնալ