3185 դիտում
21:49 29-06-2016
ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
Հունիսի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրերին՝ էդվարդ Նալբանդյանը նշեց, որ բարձրաստիճան պարբերական փոխայցելությունները լավ հիմք են ստեղծում՝ քննարկելու Հայաստան-Գերմանիա բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Նախարարները գոհունակություն հայտնեցին երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ: Զրուցակիցները համակարծիք էին, որ դա պայմանավորված է երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման փոխադարձ ձգտումով:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն անդրադարձ կատարեցին Հայաստանի Նախագահի և Գերմանիայի կանցլերի՝ ապրիլին Բեռլինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին նաև հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Կարևորվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում հաստատված փոխգործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, որը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին Դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ «Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլ նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նախարարները կարևորեցին արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։
Անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերին: Ընդգծվեց ապրիլին Երևանում բացված՝ Գերմանացի գործարարների միության գրասենյակի նշանակությունը երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում:
Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ ԵՄ հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերի: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջնայնությունների իրականացմանը: Նշվեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Էդվարդ Նալբանդյանը արժևորեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը և շեշտեց, որ այն տարածաշրջանում ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ԵԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցության հանձնառության կարևորությունը:
Հանդիպման ավարտից հետո Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստորագրեցին Հայաստանի և Գերմանիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագիրը:
Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Շտայնմայերը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:
Նմանատիպ նյութեր
2544 դիտում
23:07 29-06-2016
ՀՀ Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
1733 դիտում
15:52 06-12-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»