211652_close_icon
views-count1591 դիտում article-date 13:36 17-06-2016

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր պարգևատրել են Ոսկե հուշամեդալներով

Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Արփիար Ղազարյանը ԿԳՆ պարգևին արժանացել է մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած մեծ ավանդի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր խոսքում բարձր է գնահատել Ա. Ղազարյանի գործունեությունը, նշելով, որ նրա աշխատանքային ողջ գործունեությունը կապված է դպրոցի, մանկավարժության և կրթության կազմակերպման հետ: Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պարգևը հանձնելու ժամանակ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշել է, որ նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ այս տարվա տնօրենների հավաստագրման քննությունների բանավոր փուլն անցկացվել է զրույցի ձևաչափով, որն էլ հնարավորություն է տվել հանձնաժողովին բացահայտել կրթության բնագավառի այն նվիրյալներին, որոնք տասնամյակներ շարունակ նվիրումով և պատասխանատվությամբ կատարել են իրենց աշխատանքը: Վանիչկա Նալբանդյանը, ավարտելով մանկավարժական համալսարանը՝ 1977 թվականից նախ աշխատել է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում, իսկ 1980 թվականից` հայրենի Կուրթան գյուղում` որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1989 թվականից առ այսօր` 27 տարի շարունակ, նա ղեկավարում է Կուրթանի միջնակարգ դպրոցը: " Բայց, ամենակարևորն այն է, որ սեփական 3 զավակների հետ Նալբանդյանը որդեգրել և մեծացրել է 4 երկկողմանի ծնողազուրկ երեխաների: Այդ երեխաներին պահել, մեծացրել, ամուսնացրել է, ունի թոռնիկներ և այսօր ապրում է իր զավակների հետ: Բացի հմուտ ղեկավար ու մանկավարժ լինելուց, Վանիչկա Նալբանդյանը հիացմունքի և դրվատանքի արժանի մարդ է, որը մանկավարժի կերպարի ամենակարևոր հատկանիշն",- շնորհավորելով Վ. Նալբանդյանին ասել է Մ. Մկրտչյանը: Արարողության ավարտին՝ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն աշխատանքային նոր ձեռքբերումներ և անձնական հաջողություններ է մաղթել պարգևատրվածներին:

Նմանատիպ նյութեր