211652_close_icon
views-count1455 դիտում article-date 17:18 16-06-2016

Վարչապետն այցելել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց: Կառավարության ղեկավարը դպրոցի տնօրեն Հայկազ Սարիբեկյանի ուղեկցությամբ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել կրթության համար ստեղծված պայմաններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Հովիկ Աբրահամյանը եղել է ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, համակարգչային դասասենյակներում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել նրանց կողմից պատրաստված ռոբոտաշինական սարքավորումներին, ֆիզիկաքիմիական փորձարկումներին, հետաքրքրվել արձանագրած ձեռքբերումներով և ապագա ծրագրերով: Վարչապետը բարձր է գնահատել ֆիզմաթ դպրոցի սաների կատարած աշխատանքը և մաղթել նորանոր հաջողություններ: Ներկայացնելով կրթական գործընթացի կազմակերպման ուղղությունները և դպրոցի ձեռքբերումները՝ Հայկազ Սարիբեկյանը նշել է, որ կրթօջախում գործում են առարկայական 10 օլիմպիական և 1 ռոբոտաշինության խմբակներ, աշակերտներից շատերը հանրապետական և միջազգային օլիմպիադաների հաղթողներ և մեդալակիրներ են: Վերջին 10 տարում լավագույն սաներն արժանացել են ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևների, ինչպես նաև անվանական կրթաթոշակների և մրցանակների: Դպրոցի տնօրենը վարչապետին է ներկայացրել նաև շենքային հնարավորությունները և ասել, որ պայմանավորված դիմորդների մեծ հոսքով՝ դպրոցի տարածքի ընդլայնման անհրաժեշտություն կա: Նշվել է, որ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը մասնաճյուղ ունի նաև Ստեփանակերտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր