211652_close_icon
views-count3729 դիտում article-date 22:15 15-06-2016

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի 13-րդ մեկնարկը տրված է

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, ՀՀ մշակույթի նախարարության և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ` ս. թ. հունիսի 15-ին, մամուլի ասուլիսով ազդարարեց փառատոնի 13-րդ մեկնարկը: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ փառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը և նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում գոհունակությամբ նշել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նկատմամբ մշտապես առկա մեծ հետաքրքրությունն ու հանրային պահանջարկը, ապա՝ անդրադարձել 2016 թվականի փառատոնի խորհրդին. «Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնն առանձնահատուկ է, քանի որ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Փառատոնն անկախության ծնունդ է: Լինելով ինքնուրույն, որոշակի իմաստով նաև սինթետիկ ստուգատես, «Ոսկե ծիրանը» ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշում են անկախությունը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն»: Նախարարի խոսքով, փառատոնի շնորհիվ այս տարիներին հնարավոր է եղել վերացնել գոյություն ունեցող բազմաթիվ սահմաններ: Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ, չափազանց կարևոր է կինոփառատոնի շրջանակում ունենալ «Հայկական կինո. արդի ժամանակները» խորագրով անվանակարգը, որն այս տարի է ընդգրկվել փառատոնի ծրագրում և ամփոփում է 25-ամյա ազատ, անկախ Հայաստանի կինոարվեստը: Փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով. «Կինեմատոգրաֆն արդի առասպելի ստեղծողն է: Գեղարվեստական ֆիլմերի միջոցով է ապահովվում ազգային կերպարի, խորհրդանշանների և էպոսի ներկայացումն ու դրանց շարունակականությունը: Ազգերը, որոնք չունեն սեփական կինեմատոգրաֆը, կորցնում են կապը սեփական առասպելի հետ, հայտնվում փակուղու առաջ և ենթարկվում բացառապես այլ մշակույթների առասպելների ազդեցությանը: Հարկ չկա նշելու, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր է ունենալ ազգային կինեմատոգրաֆի կայացած դպրոց՝ նաև որպես զանգվածային հաղորդակցության հզորագույն գործիք, որը միաժամանակ ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու ազգային շահերի առաջխաղացմանը»: Նշենք, որ այս տարի փառատոնին ներկայացվել է, ավելի քան, 900 հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: Փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի հեղինակն է «The Sign» դիզայն ստուդիան: «Ոսկե ծիրանի» կարևորագույն և անբաժան մաս դարձած՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերում այս տարի ևս կներկայացվեն համաշխարհային կինոյի վարպետների հին ու նոր լավագույն աշխատանքները: Արտամրցութային ծրագրերը դարձյալ կլինեն հագեցած և բազմազան: «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը կներկայացնի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմեր: Ծրագիրը կմեկնարկի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007 թ.) ֆիլմի ցուցադրությամբ: Համադրող կինոքննադատները յուրաքանչյուր ֆիլմից առաջ կներկայացնեն ֆիլմի ստեղծման պատմությունը, իսկ ծրագրի ավարտին նախատեսվում է կլոր սեղան–քննարկում, որի մասնակիցները կանդրադառնան անկախության շրջանի կինոյի պատմությանը, զարգացման ուղիներին և խնդիրներին: «Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին» նվիրված հատուկ ծրագիրն իրականացվում է Հյաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ: Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշներ: «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, ներառում է վերջին շրջանի ֆրանսիական լավագույն ֆիլմերից երեքը: Բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015 թ.) ֆիլմի ցուցադրությամբ: «Դանիական նոր կինո» ծրագիրը փառատոնն իրականացնում է Դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Ի դեպ, սա Դանիական կինոինստիտուտի և «Ոսկե ծիրանի» արդեն երկրորդ համագործակցությունն է: Կներկայացվեն վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը: Ծրագիրը կմեկնարկի Թոմաս Վինթերբերգի «Համայնք» (2016 թ.) ֆիլմով: «Բասկական նոր կինո» ծրագիրն իրականացվում է «Epe-Apv» ընկերության աջակցությամբ. կներկայացվի բասկ կինոռեժիսորների 4 լավագույն աշխատանքները: Բացումը կկայանա Լառա Իզագիրի «Աշուն առանց Բեռլինի» (2015 թ.) ֆիլմի ցուցադրմամբ: «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները: Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Նմանատիպ նյութեր