3382 դիտում
21:06 14-06-2016
Մեկնարկեց Հաշմանդամների հանրապետական մարզական փառատոնը
Հունիսի 14-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 14-րդ մարզական փառատոնը:
Փառատոնին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի 14 տարեկանից բարձր շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, ովքեր հունիսի 14-16-ը ուժերը կչափեն շոու դաուն, սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ, լող, ծանրամարտ, բազկամարտ մարզաձևերում:
Հաշմանդամություն ունեցող մարզիկների շարքերում են նաև ՀՀ ԱԻ նախարարության 8 աշխատակից, ովքեր հանդես են գալիս մայրաքաղաքն ու տարբեր մարզեր ներկայացնող թիմերում:
ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը նշեց, որ Հանրապետական մարզական փառատոնում նախարարության աշխատակիցները մրցելու են սեղանի թենիս, բասկետբոլ, ծանրամարտ և բազկամարտ մարզաձևերում:
Մասնակիցներին ողջունեց և փառատոնի բացումն ազդարարեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ, «Փյունիկ» հաշմանդամների միության ղեկավար Հակոբ Աբրահամյանը.
-Ուրախ եմ ձեզ արդեն ավանդական դարձած մեր փառատոնում տեսնելու համար: Այս տարվա մրցումներն առավել կարևոր և հատկանշական են, քանի որ առջևում 15-րդ Պարալիմպիկ խաղերն են: Հայաստանն այդ խաղերում կներկայացնեն ծանրորդ Գրետա Վարդանյանը և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Նրանք այսօր ձեր շարքերում են: Բոլորիդ ազնիվ մրցակցություն և նոր նվաճումներ եմ մաղթում:
Փորձառու և անվանի մարզուհի Գրետա Վարդանյանը վերջերս աշխատանքի է ընդունվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում և, ինչպես ինքն է նշում, այժմ սպորտային միջոցառումներում հանդես գալն առավել պարտավորեցնող է: Գրետան արդեն լուրջ ձեռքբերումներ ունի, մասնակցել է Լոնդոնի և Չինաստանի Պարալիմպիկ խաղերին, ուժերը փորձել Եվրոպայի առաջնությունում և գրավել է երկրորդ պատվավոր հորիզոնականը, իսկ այժմ պատրաստվում է Ռիոյի 2016 թ.-ի Պարալիմպիկ ամառային խաղերին:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակից Սարգիս Միրիբյանին երկրպագելու էին եկել փրկարար ընկերները, ովքեր համոզված էին, որ Սարգիսն անպայման լավագույնն է լինելու: Եվ իսկապես, 2011թ.-ից մինչ այսօր ծանրամարտում Սարգիսը լավագույնն է և խոստացավ այս տարի էլ լինել առաջինն ու հուսախաբ չանել ընկերներին:
Ծանրամարտ և բազկամարտ մարզաձևերում մրցում է նաև Լոռիի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակից Հարություն Մխիթարյանը, ով նշեց, որ արդեն 12 տարի մասնակցում է փառատոնին և ամեն անգամ գալիս է մեկ նպատակով՝ իր արդյունքը գերազանցելու և հետաքրքիր մրցակցություն ապահովելու համար:
Փառատոնի առաջին օրը նախարարության աշխատակիցները մրցումները սկսեցին սեղանի թենիս և բասկետբոլ մարզաձևերում: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակից Ալիկ Բաբայանը այս տարի եկել էր միայն հաղթելու ակնկալիքով, քանի որ ամեն անգամ սեղանի թենիսի մրցաշարում ընդամենը մեկ քայլ չէր բավականացնում կատարյալ հաղթանակ տոնելու համար:
Հաջողություն ենք մաղթում մեր գործընկերներին և լուրջ արդյունքներ ակնկալում:
Նմանատիպ նյութեր
3539 դիտում
22:20 03-12-2016
Մարզական միջոցառում պաշտպանության նախարարությունում` նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2197 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1396 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան