«Հանդիսատեսը պաշտում էր նրան թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում»․ Հրանուշ Հակոբյան
Օֆելյա Համբարձումյանի ընտանիքին, բարեկամներին, արվեստասեր հասարակությանը․
Հայկական երգարվեստը ծանր կորուստ կրեց: Իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց գեղեցիկ, տաղանդավոր մի անհատականություն, որը դեռ կենդանության օրոք լեգենդ էր և հայ ժողովրդական, գուսանական, աշուղական արվեստի մեջ թողել է իր անջնջելի հետագիծը:
Օֆելյա Համբարձումյանն իր ողջ կյանքը նվիրեց արվեստին: Բազմիցս ենք հիացել նրա ինքնատիպ կերպարով, ձայնի խորն արտահայտչականությամբ ու ազգային վառ երանգավորումներով: Եվ ինչքան էլ որ ժամանակ անցնի, նա մշտապես կապրի որպես հավերժ ներկայություն, ու սերունդները կճանաչեն, կսիրեն համբարձումյանական երգը, կզգան հայրենաշունչ արվեստի իրական զորությունը:
Հանդիսատեսը պաշտում էր նրան թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում: Նա մշտապես արժանացել է համայն հայության գնահատանքին ու երախտագիտությանը՝ շնորհիվ ոչ միայն իր աստվածատուր ձիրքի, այլև իր թողած ժառանգության ու մարդկային նկարագրի:
Նրա մասին հիշողությունները երբևէ չեն խամրի:
Խորապես կիսում եմ մեծ երգչուհու ընտանիքին հասած խորը վիշտը և մաղթում համբերություն այս դժվարին պահին:
Հավերժ փառք Օֆելյա Համբարձումյանին: Խոնարհում նրա վառ հիշատակի առաջ:
ՀՀ սփյուռքի նախարար
Հրանուշ Հակոբյան