211652_close_icon
views-count2075 դիտում article-date 12:10 13-06-2016

Խաչատրյանական մրցույթի մասնակիցները, հյուրերը դիտեցին Բերնսթայնի մասին ֆիլմ, ներկա եղան Խաչատրյանի անվան տրիոյի համերգին

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն մրցույթի մասնակիցների, ժյուրիի անդամների, հյուրերի համար կազմակերպել է նաև մի շարք մշակութային միջոցառումներ։ Հունիսի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Լեոնարդ Բերնսթայն. ավելին, քան կյանքն է» ֆիլմի ցուցադրությունը։ 52 րոպե տևողությամբ վավերագրական այս ֆիլմը 20-րդ դարի ամենաազդեցիկ դասական երաժիշտներից մեկի՝ աշխարհում Ամերիկայի երաժշտական դեսպան Լեոնարդ Բերնսթայնի մասին է։ Նա ոգեշնչող ուսուցիչ էր, փայլուն դիրիժոր, հրաշալի կոմպոզիտոր և դաշնակահար։ Հերբերտ ֆոն Կարայանի և սըր Գեորգ Շոլթիի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ Գեորգ Վյուբոլտն այս ֆիլմում նկարագրել է Բերնսթայնի կյանքի ողջ գունապնակը՝ աշխարհահռչակ «Համերգներ երիտասարդության համար» հեռուստատեսային ծրագրից մինչև Մալերի սիմֆոնիաների ամբողջական ցիկլի ձայնագրությունը, «Վեստսայդյան պատմությունից» մինչև «Չիչեսթերյան սաղմոսները»։ Ֆիլմը ներառում է հարցազրույցներ Լեոնարդ Բերնսթայնի զավակների, ընկերների, գործընկերների հետ, ովքեր իրենց հուշերն են պատմում մեծ երաժշտի մասին։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաև Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի մասնակիցները, ովքեր նշում էին, որ իրենց ուսուցիչներից շատ են լսել պատմություններ մեծն Բերնսթայնի մասին, ուսումնասիրել են նրա դիրիժորական արվեստը։ Հունիսի 12-ի երեկոյան Խաչատրյանի անվան մրցույթի հյուրերը, ժյուրիի անդամներն ու մասնակիցները Խաչատրյանի տուն-թանգարանում մասնակցել են Խաչատրյանի անվան եռյակի համերգին, որի ընթացքում հնչել են բացառապես հայ հեղինակների՝ Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Է. Միրզոյանի, Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները: Իսկ այսօր՝ ժամը 18.00, Խաչատրյանի անվան մրցույթի երկրորդ փուլի մրցութային երկրորդ երեկոն է, որի ընթացքում ժյուրիի և հանդիսատեսի առջև հանդես կգան դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն- Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա), որոնք կներկայացնեն համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության գանձարանի ամենավառ նմուշները: Համերգային երեկոյին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել http://akhic.am/ կայքում։ Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս իրադարձությունը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ «Արամ Խաչատ[b]րյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր