211652_close_icon
views-count2323 դիտում article-date 22:44 09-06-2016

ՀՀ բնապահպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Բաթումիում տեղի ունեցող «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» 8-րդ նախարարական համաժողովին

Սույն թվականի հունիսի 8-10-ը Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվող "Շրջակա միջավայր Եվրոպայի համար" 8-րդ նախարարական համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային համագործակցությունն ու պետությունների միջև երկխոսությունը՝ Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. "Վստահ եմ, որ այս համաժողովը էական դրական նշանակություն և ազդեցություն կունենա եվրոպական տարածաշրջանում բնական ռեսուրսների կայուն օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարցում: Հայաստանում կայուն զարգացման նպատակների ներդրման և իրականացման նպատակով մշակվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի "ՌԻՈ+20" գագաթնաժողովի հանձնարարականների իրականացման ազգային ռազմավարությունը, որը գործադիր և տեղական իշխանությունների, ոչ կառավարական հատվածի և փորձագիտական հանրության միջև ձեռք բերված կոնսենսուսի արդյունք է: Հայեցակարգի նախագիծը ս/թ մայիսին հավանության է արժանացել ՀՀ վարչապետի գլխավորած Կայուն զարգացման խոհրհդի կողմից: Եվ չնայած միջազգային հանրության և երկրների կողմից կիրառվող ջանքերի՝ 1992թ.-ից հետո մեր մոլորակի շրջակա միջավայրի վիճակը ցավոք վատթարանում է: Չի հաջողվում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և դրա հետ կապված մոլորակի գլոբալ ջրեմաստիճանի աճը: Ակնհայտ է, որ սոցիալ-տնտեսական զարգացման գործում պետք է գտնել նոր լուծումներ՝ շեշտը դնելով էկոհամակարգային մոտեցման վրա: Ֆինանսական, տեխնիկական և տեխնոլոգիական համապատասխան միջազգային աջակցության պայմանների առկայության դեպքում Հայաստանը պատրաստ է կատարել իր ներդրումը՝ Եվրոպայի շրջակա միջավայրի վիճակի բարելավման գործում: Անկասկած միայն համատեղ և համաձայնեցված գործողությունները կարող են բերել ցանկալի արդյունքի": Արամայիս Գրիգորյանը հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է բոլոր մակարդակներում զարգացնելու կառուցողական համագործակցություն՝ դրված նպատակներին հասնելու համար: Նախարարական համաժողովի երկու հիմնական թեմաներն են` Տնտեսության էկոլոգիացումը և օդի որակի բարելավումը` հօգուտ շրջակա միջավայրի վիճակի և մարդկանց առողջության: Այս համատեքստում ընթանում են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Համաեվրոպական տարածաշրջանում մինչև 2030թ. կայուն զարգացման քաղաքականության, Միասնական բնապահպանական տեղեկատվական համակարգերի (ԲՄՏՀ) ներդրման վերաբերյալ, ինչպես նաև լիագումար նիստեր` Կրթություն հանուն կայուն զարգացման, Տնտեսության էկոլոգիզացիա և այլ թեմաներով: Համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր, Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարարի հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր կենսաբազմազանության, բնության հատուկ պահպանվող տարածքների, էկոկրթության և էկոտուրիզմի տեղեկատվական համակարգերի վերաբերյալ: Համաժողովի ավարտին նախատեսվում է Նախարարական հռչակագրի ընդունում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր