1787 դիտում
17:40 09-06-2016
Մամուլի ասուլիսում ամփոփվել են ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքները
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը հունիսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել են մայիսի 28-30-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքները:
Կորյուն Նահապետյանը նշել է, որ գարնանային նստաշրջանի աշխատանքներն անցել են բուռն քննարկումների մթնոլորտում: Թեմաները վերաբերել են միջազգային անվտանգության հիմնախնդիրներին, տարբեր մարտահրավերներին: Նրա գնահատմամբ` եռօրյա քննարկումները ցույց են տվել, որ, իսկապես, կան բազմաթիվ մտահոգություններ կապված անվտանգության միջավայրի ամրապնդման հետ:
Նշվել է, որ հուլիսի 8-9-ը Վարշավայում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը, եւ այդ համատեքստում այս գարնանային նստաշրջանի ընթացքում քննարկված տարբեր զեկույցների նախագծեր, ինչպես նաեւ ընդունված հռչակագիրն ուղղված էին վարշավյան գագաթնաժողովին:
Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը Քաղաքական, Պաշտպանության եւ անվտանգության, Տնտեսության եւ անվտանգության, Անվտանգության եւ քաղաքացիական չափման, Գիտության եւ տեխնոլոգիայի հանձնաժողովների բոլոր քննարկումներին ակտիվ մասնակցել է, հնչեցրել է հարցադրումներ, ներկայացրել իր դիրքորոշումը:
Պատվիրակության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Քաղաքական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ, ուր լարված մթնոլորտ է եղել. ադրբեջանցի պատվիրակները բազմիցս փորձել են շեղվել օրակարգային հարցերից եւ անդրադառնալ ԼՂ հակամարտությանը:
Պարոն Նահապետյանը տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը գրավոր պարզաբանում է ներկայացրել մի շարք հարցերի առնչությամբ` նշելով, որ նպատակահարմար չի գտնում ԼՂ խնդիրը ՆԱՏՕ-ի գարնանային նստաշրջանում քննարկել` շեշտելով, որ որ կա ԼՂ հակամարտության կարգավորման միակ գործող արդյունավետ ձեւաչափը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը, եւ մնացած բոլոր հարթակներում, այդ թվում խորհրդարանական ձեւաչափում խնդիրը հատուկ քննարկման առարկա դարձնելը չի բխում հակամարտության կարգավորման արդյունավետ մեխանիզմների ներդրումից: Թեպետ Քաղաքական հանձնաժողովում որոշում է կայացվել ԼՂ հիմնահարցը չքննարկել, այդուհանդերձ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներին համապատասխան հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն է տրվել: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հանդես է եկել հայկական կողմին ուղղված եւ բոլորին արդեն հայտնի մեղադրանքներով, ինչին արձագանքել է պարոն Նահապետյանը: Իր հայտարարությունում հայկական պատվիրակության ղեկավարը հստակ, կոնկրետ փաստերով ներկայացրել է, որ ռազմական ագրեսիան ապրիլի սկզբին կատարվել է Ադրբեջանի կողմից: Հայտարարությունում մատնանշվել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման դեպքերը, ներկայացվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունները եւ խոշտանգումները, նշվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ատելության քարոզի, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքի մասին: Ադրբեջանական կողմը մեղադրանք է հնչեցրել, որ Հայաստանը սպառնում է միջուկային զենք օգտագործել Ադրբեջանի դեմ, ինչի վերաբերյալ եւս հայկական կողմից արձագանք է եղել:
«Մենք վերահաստատել ենք մեր կամքը, որ ՀՀ իշխանությունները չեն տեսնում հակամարտության ռազմական կարգավորում: Մենք հիշատակել ենք նաեւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները ու հույս հայտնել, որ միջազգային հանրությունը հետեւողական կլինի իր արձագանքներում»,- ասել է պարոն Նահապետյանը:
Այնուհետեւ պատվիրակության ղեկավարը հակիրճ ներկայացրել է Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումները, ուր անդրադարձ է կատարվել պաշտպանության նոր հրամայականներին, ուելսյան պայմանավորվածությունների իրականացմանը եւ պաշտպանական կարողությունների ընդլայնման համատեքստում վարշավյան գագաթաժողովի հեռանկարներին:
Նստաշրջանի վերջին օրը հնարավորություն է տրվել հարցեր ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին եւ քննարկվել է «Միասնական արձագանք վարշավյան գագաթաժողովից առաջ» հռչակագրի նախագիծը: Կորյուն Նահապետյանի հարցն ուղղված է եղել Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին եւ ահաբեկչության դեմ պայքարին:
Միքայել Մելքումյանը նշել է, որ մասնակցել է Տնտեսության եւ անվտանգության հանձնաժողովի նիստին, ուր քննարկումներն ընթացել են նպատակային եւ թիրախավորված: Նա անդրադարձել է վերոնշյալ հանձնաժողովում Ադրբեջանի պատվիրակության ագրեսիվ պահվածքին, ինչին հայկական կողմը հավուր պատճաշի պատասխան է տվել: Պարոն Մելքումյանի խոսքով` իրենք հստակ մատնանշել են, որ Ալիեւի կոռումպացված իշխանությունն իր ժողովրդի ուշադրությունը ներքին սոցիալական խնդիրներից շեղելու համար ապրիլի սկզբին սանձազերծել է ագրեսիա, որը ձախողվել է:
Թեւան Պողոսյանը մասնակցել է Անվտանգության եւ քաղաքացիական չափման ու Գիտության եւ տեխնոլոգիայի հանձնաժողովների քննարկումներին, հանդես եկել հարցադրումներով եւ ելույթներով: Նա ասուլիսում մասնավորապես անդրադարձել է Ուկրաինայում ԵԱՀԿ մոնիթորների դիտարկմանը վերաբերող զեկույցին: Պարոն Պողոսյանը խոսել է նաեւ Ռաբաթում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի 91-րդ Ռոուզ-Ռոթ համատեղ սեմինարի մասին եւ նշել, որ այնտեղ եւս հայկական պատվիրակությունը գործընկերներին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական արկածախնդրության վերաբերյալ:
Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:
Նմանատիպ նյութեր
862 դիտում
14:03 25-05-2024
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին
2977 դիտում
20:48 14-10-2016
Ամփոփվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքները
Այս բաժնից
754 դիտում
20:17 14-11-2024
Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի նոր տնօրենի հետ
574 դիտում
20:06 14-11-2024
ԱՄՆ դեսպանությունից Հակակոռուպցիոն կոմիտեում արդյունավետ համագործակցության հույս են հայտնել
475 դիտում
19:55 14-11-2024
ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին