211652_close_icon
views-count1001 դիտում article-date 15:36 09-06-2016

Ողջունում եմ կառավարության կողմից հռչակված քաղաքականությունը. Գալուստ Սահակյան

«Կարծում եմ, լավ առիթ է նախորդ տարվա ընթացքում իրականացված տնտեսական քաղաքականության հիմնական արդյունքների ամփոփման, առկա անելիքների գնահատման եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլերի ու մոտեցումների ուրվագծման համար: Իմ խորին համոզմամբ` այս հաշվետվության քննարկումները, ինչպես մշտական հանձնաժողովներում, այնպես էլ լիագումար նիստում ընթացան հենց այդ տրամաբանությամբ: Ես չեմ ցանկանում անդրադառնալ հաշվետվության մեջ ներկայացված թվերին ու փաստերին, քանի որ եւ՛ կառավարության ներկայացուցիչը, եւ՛ պատգամավորներն արդեն մանրամասն ներկայացրել են դրանք: Չեմ ցանկանում նաեւ անդրադառնալ 2015 թվականին արձանագրված այն ձեռքբերումներին ու հաջողություններին, որոնք նպաստեցին պետության բնականոն կյանքի եւ հասարակության կենսագործունեության ապահովմանը: Կարծում եմ՝ այս պահին շատ ավելի կարեւոր է գնահատել այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծմանն առաջիկայում պետք է ուղղված լինի կառավարության գործունեությունը: Իհարկե, 2015 թվականին միջազգային անբարենպաստ տնտեսական միջավայրի պայմաններում Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկեր երկրներում եւ հատկապես` Ռուսաստանում, ի հայտ եկան մի շարք գործոններ, որոնց բացասական ազդեցությունը խիստ զգալի էր մեր երկրի տնտեսության վրա: Նման պայմաններում, հասկանալի է, կառավարությունից շատ ավելի մեծ ջանքներ էին պահանջվում պետական բյուջեի կատարման համար, եւ ի պատիվ մեր կառավարության` պետք է նշել, որ 2015 թվականի բյուջեով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերն իրականացվել են, որոնցում գերակշիռ մաս են կազմել սոցիալական ոլորտի եւ պաշտպանության բնագավառների ֆինանսավորման ծրագրերը: Անշուշտ, դա վկայում է այն մասին, որ երկրի անվտանգության ապահովումը եւ բնակչության սոցիալական խնդիրների լուծումը շարունակում են մնալ որպես հանրապետության իշխանությունների գործունեության հիմնական գերակայություններ: Ավելին, մի շարք ոլորտներում ստեղծվել են որոշակի նախադրյալներ առաջընթացի ապահովման եւ որոշ բացասական միտումների շտկման համար: Հատկապես կցանկանայի կարեւորել այն փաստը, որ արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պայմաններում կառավարության ձեռնարկած քայլերի շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել ոչ ցանկալի զարգացումներից եւ տարին եզրափակել 3 տոկոսանոց տնտեսական աճով: Իհարկե, արձանագրված ձեռքբերումները բավարար չեն երկրում կուտակված խնդիրների լուծման համար, եւ իշխանությունները դա քաջ գիտակցում են: Մենք չպետք է սահմանափակվենք ձեռք բերածով, այլ պետք է շարունակենք մեր հետեւողական քայլերը` երկրի առջեւ ծառացած քաղաքական ու տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, առկա խնդիրներն արժանապատիվ եւ արդյունավետ լուծելու համար: Հատկապես կցանկանայի կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնց լուծումն առաջիկա տարիներին կարող է առանցքային նշանակություն ունենալ մեր երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից: Վերջին ամիսների աշխարհաքաղաքական զարգացումները երկրի անվտանգության ապահովման եւ երաշխավորված խաղաղության հաստատման տեսանկյունից նոր մարտահրավերներ են ստեղծել: Իմ խորին համոզմամբ, դրանց հնարավոր է դիմակայել միայն ուժերի համախմբման եւ մեր ունեցած ռեսուրսների առավել արդյունավետ ու ռացիոնալ օգտագործման դեպքում: Դա, նախ եւ առաջ, վերաբերում է բյուջետային միջոցներին: Այս առումով, ողջունում եմ կառավարության կողմից հռչակված քաղաքականությունը պետական կառավարման համակարգ•ն ավելի կոմպակտ ու քիչ ծախսատար դարձնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր