211652_close_icon
views-count1842 դիտում article-date 21:30 01-06-2016

Երևանի քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի Հարավային և Արևելյան գործընկերության երկրների դեպարտամենտի տնօրեն Հայնց Օլբերսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Կարևորելով  բանկի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ բանկի հետ համագործակցությունն իսկապես արդյունավետ է: «Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում այսօր իրականացվող ծրագրերը, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, իսկապես կարևոր են Երևանի համար: Վստահ եմ, որ արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ: Բանկի հետ համագործակցության շրջանակում այսօր իրականացվում է Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման 2-րդ փուլի ծրագիրը: Առաջիկայում կմեկնարկի նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման ծրագիրը: Ու ես համոզված եմ, որ մեր համագործակցության շրջանակներում իրականացվող և նախատեսված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և պատշաճ որակով»,- ընդգծել է քաղաքապետը: Եվրոպական ներդրումային բանկի Հարավային և Արևելյան գործընկերության երկրների դեպարտամենտի տնօրեն Հայնց Օլբերսն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նկատել է, որ Հայաստանի հետ համագործակցությունն, ըստ էության, սկսվել է Երևանի հետ փոխգործակցությունից, որը ոչ միայն արդյունավետ, նաև սահուն ընթացք է ունեցել: «Պարոն քաղաքապետ, մենք իսկապես բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ առկա համագործակցությունը, քանզի իսկապես սահուն և արդյունավետ համագործակցության օրինակ է սա: Երևանն իսկապես վստահելի գործընկեր է, և մենք ուրախ ենք, որ կարող ենք շարունակել այս համագործակցությունն այլ ուղղություններով ևս, ինչն իր հերթին ամենախոսուն ապացույցն է, որ բանկի համար Երևանի քաղաքապետարանն իրոք վստահելի և կարևոր գործընկեր է հանդիսանում: Եվ ես լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ ևս կլինի փոխշահավետ ու կապահովի այն արդյունքները, որոնք ակնկալվում է», - ընդգծել է Հայնց Օլբերսը: Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև աղբի վերամշակման մրցույթի փաթեթի պատրաստման, էլեկտրատրանսպորտի արդիականացման, ինչպես նաև հանրային և բազմաբնակարան շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր