211652_close_icon
views-count1054 դիտում article-date 14:05 28-05-2016

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ մեր կարեւորագույն պետական տոներից մեկի` Հանրապետության տոնի առթիվ: Սա այն տոնն է, որով ամրագրվեց մեր պետականության պատմությունը, պատմություն, որի մասին թեեւ խոսում ենք շուրջ 100 տարվա հեռավորությունից, սակայն այն իր հերոսականությամբ տակավին թարմ է, արդիական ու տպավորիչ: Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց հայրենիքի փրկության համար հնչած ճակատագրական կանչով, որը բխում էր բոլորի հոգուց եւ որը միավորեց բոլորին` ի զեն հանուն երկրի, ընդդեմ երկրին սպառնացողների, ընդդեմ մեր ժողովրդի ապագան կասկածի տակ դնողների: Այդ կանչը, որի համախմբող ուժի շնորհիվ ծնվեցին մեր պատմության փառավոր` Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտ-հաղթանակները, որի շնորհիվ ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, հասել է մինչեւ մեր օրերը եւ լսելի է մեր ժողովրդի բոլոր հատվածներին` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում: Այդ կանչն ականջներում՝ հանուն հայրենիքի վերջերս կրկին հերոսացան մեր զինվորն ու սպան, այդ կանչին ականջալուր՝ վերստին նրանց միացան կամավորն ու ազատամարտիկը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 25-ամյակին ընդառաջ` Հայաստանի առաջին հանրապետությունն իր կարճատեւ գոյությամբ հանդերձ ավելի է կարեւորվում պատմական նշանակության եւ պետականության փորձի առումով: Այն երեւույթ էր, որը դեռեւս արժեւորման կարիք ունի, այն իրադարձություն էր, որը բեկումնային էր, այն փորձառություն էր, որը պետություն ստեղծելու եւ կառավարելու յուրահատուկ դասընթաց էր: Առաջին հանրապետության ստեղծումից շուրջ մեկ դար անց մենք զգում ենք այն ոգին, որ Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից գալիս հասնում է մեզ` մեր ընտանիք ու աշխատավայր, բանակ ու սահման եւ մղում միասնական ջանքերով ու գործնական քայլերով ավելի վստահ գրելու մեր պետականության ու ժողովրդի այսօրվա եւ վաղվա պատմությունը: Եւս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` բոլորիս մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն եւ հավատ առ այն, որ վաղը մենք եւ մեր սերունդներն ապրելու ենք ավելի լավ Հայաստանում` արձանագրելով ավելի մեծ հաջողություններ»:

Նմանատիպ նյութեր