211652_close_icon
views-count2962 դիտում article-date 18:17 25-05-2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը ընդունել է բուլղարացի խորհրդարանականներին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 25-ին ընդունել է Արցախ ժամանած Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սիմեոնովին, տեղակալ Վալենտին Կասաբովին և նույն կուսակցության անդամներ Խրիստիան Միտևին ու Դիմիտր Բայրակտարովին: Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և Արցախ կատարած այցի ընթացում պատվիրակությանն ուղեկցող ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ բարձր է գնահատում եվրոպացի պատգամավորների ցանկությունը տեղեկանալու ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: «Մեզ համար շատ կարևոր է, որ եվրոպական կառույցներում ներկայացված պատգամավորները տիրապետեն ճշգրիտ ինֆորմացիայի, քանի որ ադրբեջանական կողմը հիմնականում ներկայացնում է իրականության հետ կապ չունեցող և աղավաղված տեղեկատվություն»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը: Խորհրդարանի նախագահը նաև գոհունակություն է հայտնել Բուլղարիայի իշխանությունների՝ հայկական սփյուռքի հետ ակտիվ համագործակցության առթիվ, ինչն արտահայտվում է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հստակ դիրքորոշմամբ: Բուլղարացի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ԼՂՀ ԱԺ նախագահին ընդունելության համար և նշել, որ իրենք Արցախ են ժամանել ճանաչողական այցով և ցանկություն ունեն ծանոթանալ Ադրբեջանի նախաձեռնած ապրիլյան ագրեսիայի հետևանքներին և ԼՂՀ-ում առկա իրավիճակին: Նրանք նաև հույս են հայտնել, որ այս այցը սկիզբ կդառնա երկու երկրների խորհրդարանականների միջև հետագա սերտ համագործակցության: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ տնտեսական զարգացմանը, ինչպես նաև մշակութային ժառանգությանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր